«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արդեն մի քանի օր է՝ ստուգումներ է իրականացնում ՀՀ գազալցակայաններում: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված կառույցը կարող է ստուգումներ իրականացնել՝ առանց նախապես տեղյակ պահելով տնտեսվարողներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին երկու օրերի ընթացքում իրականացված 3 ստուգումներից արդեն 2-րդ դեպքն է արձանագրվել, երբ տնտեսվարողը տեղյակ է եղել բողոքի հիման վրա բացված ստուգման մասին:

Պարզվում է` պատճառը ֆեյսբուք սոցիալական ցանցերում բացված եւ գործող խմբերն են, որտեղ վարորդները կիսվում են իրենց դժգոհություններով, մտահոգություններով` գազալցակայանների, բենզալցակայանների վերաբերյալ: Իսկ տնտեսվարողներն ակտիվ հետեւում են այդ խմբերում տեղադրվող վարորդների բողոքներին եւ արագ, բայց ժամանակավորապես վերացնում իրենց մոտ առկա թերությունները: Այս առիթով երեկ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը դիմել է խմբերի վարորդներին եւ առաջարկել խմբում գրառում անելուց առաջ տեղեկացնել տեսչական մարմնին, որպեսզի արագ եւ օբյեկտիվ ստուգում անեն, եւ միայն ստուգման ավարտից հետո իրենց գրառումները անել խմբերում:

«Տեսչական մարմինը, բացի տարեկան ստուգումների ցուցակում ներառված տնտեսվարողներից, իրավասություն չունի այլ ստուգումներ իրականացնել, եթե չկա հիմք: Քաղաքացու դիմումը տեսչական մարմնի համար հիմք է հանդիսանում ստուգում իրականացնելու: Հետեւաբար առաջարկում եմ չզլանալ եւ ցանկացած դեպքում, եթե նկատում եք որեւէ չարաշահում, դիմել տեսչական մարմնին: Դիմումը ներկայացնելու համար պարտադիր չէ անձամբ ներկայանալ, այլ կարող եք ստորագրված տարբերակը նկարել եւ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել