Իննամյա բելգիացի Լորան Սիմոնսը, որը մոտ էր բարձրագույն կրթության դիպլոմ ստանալուն, լքել է Էյնդհովենի տեխնիկական համալսարանը՝ ուսումնական հաստատության ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, գրում է «Ինտերֆաքս-Ռոսիան»:

Լորանը ծնվել է բելգիական Օստենդում: Վեց տարեկան հասակում տղան ընդունվել է ավագ դպրոց, իսկ մեկ տարի անց սկսել է աշխատել Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնում: Ութ տարեկանում նա միջնակարգ կրթության դիպլոմ է ստացել՝ մաթեմատիկական գիտությունների ոլորտում մասնագիտացմամբ:

Էյնդհովենի համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ Լորանն ընդունվել է 2019-ի մարտին՝ ինը տարեկանում և բակալավրիատի աշխատանքը, երեք տարվա փոխարեն, գրել է վեց ամսում, նշում են նիդեռլանդական լրատվամիջոցները:

Բակալավրիատի դիպլոմի պաշտպանությունը ծրագրված էր մինչև դեկտեմբերի 26-ը՝ նրա 10-րդ տարեդարձի օրը: Այս դեպքում նա կգերազանցեր ամերիկացի Մայքլ Քարնիի ռեկորդը, որը 10 տարեկանում դարձավ Ալաբամա համալսարանի շրջանավարտ:

Բայց վերջին պահին համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ ծննդյան օրվանից առաջ ուսումը ավարտելն անիրատեսական է, և որ տղայի ծնողների հետ տարաձայնություններ են առաջացել ժամանակացույցի շուրջ:

«Ծնողները չհամաձայնեցին մեզ հետ, և մենք ափսոսում ենք դրա համար»,- ասվում է համալսարանի ղեկավարության հայտարարության մեջ:

Լորանի ծնողներն, ի վերջո, որոշել են ետ վերցնել փաստաթղթերը, իսկ ինքը՝ Լորանը, Instagram-ում հայտարարել է, որ համալսարանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել հանրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել