Tert.am-ը գրում է.

Ես աջակցում եմ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, նրան աջակցելու եմ առնվազն դատական նիստերին մասնակցելով և իրավախախտումներ տեսնելու դեպքում, դրա մասին բարձրաձայնելու եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«Այս պահին հարցը տեղափոխվել է իրավական դաշտ. տեսնելով վերջին շրջանում երկակի ստանդարտները, որոնք կիրառվում են քրեական գործերի շրջանակում, երբ մի դեպքում ձերբակալում են, մի դեպքում՝ կալանավորում, մեկ այլ դեպքում էլ ընդհանրապես չեն ձերբակալում և կալանավորում, սա արդեն ազդակ է, և հասարակությունը, ՀԿ-ները, իրավապաշտպանները պետք է շատ ուշադիր հետևեն ամբողջ պրոցեսին»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը, թե նշվում է, որ սա փոխադարձ օգնություն է, Մալյանը Ձեզ աջակցում, Դուք էլ Մալյանին, Բաբայանն ասաց, որ երբ ինքը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿ-ից, հայտարարեց, որ զբաղվելու է իրավապաշտպան գործունեությամբ: «Վերջին անգամ ես նաև մասնակցում էի երիտասարդների ակցիային՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարի, այնտեղ էլ հո չկա՞ր Նարեկ Մալյանը: Ես մասնակցելու եմ բոլոր հնչեղություն ունեցող գործերին հնարավորության սահմաններում և փորձելու եմ իմ մասնագիտական դիրքորոշումը ներկայացնել»,- ասաց նա:

Ի պատասխան դիտարկման, որ «Ռեստարտի» անդամները պնդում են, որ իրենք են ճիշտը, նա նշեց, որ դա կորոշի դատարանը: «Համացանցում կա տեսանյութ, որտեղ առևանգման փաստը գոնե երևում է և ի վերջո «Ռեստարտի» տղաները չեն էլ հերքում, որ իրենք կատարել են այդ գործողությունը, իսկ թե ճիշտ են արել կամ սխալ՝ դատարանը կորոշի: Հույս ունեմ, որ դատարանն արդար որոշում կկայացնի»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել