Armtimes.com-ը գրում է.
ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխանախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը եւ հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- մեր զրույցում ասաց պաշտպանը:
Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Գեւորգ Լոռեցյանին: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան: «Պարզապես հորդորում եմ բոլորին հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- հավելեց Լեւոն Սահակյանը: Մեր հարցին, թե կալանավորման միջնորդության քննարկման ժամանակ գրավի միջնորդություն ներկայացրել էին, պաշտպանը դրական պատասխան տվեց, սակայն չասաց, թե ինչ չափի գրավի մասին է խոսքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: