168.am-ը գրում է․

168TV «Ռեվյու» հաղորդման հյուրն Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է

– Պարոն Սարգսյան, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում մի շարք ուշագրավ զարգացումներ գրանցվեցին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Բրատիսլավային ընդառաջ՝ Բաքվում Լավրովը նշեց, որ Մոսկվան և Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում կարգավորման գործընթացում, Մամեդյարովը հույս հայտնեց, որ կմեկնարկեն բովանդակային բանակցություններ, սակայն ժամեր անց Բաքուն ԵԱՀԿ նախարարներին ներկայացրեց իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ շեշտելով, որ այդ շրջանակից դուրս քաղաքական կարգավորում Բաքուն չի տեսնում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ նման   դիրքորոշում դրվեց շրջանառության մեջ:

– Գործոնները տարբեր են և շատ են: Նախ՝ Լավրովի հայտարարությունը, որ կարգավորումը փոխզիջումային է լինելու, շատ կարևոր է:  Իհարկե, Ադրբեջանը հրապարակեց մի տեքստ, որտեղ որևէ փոխզիջման վերաբերյալ ընդհանրապես հնարավոր էլ չէ խոսել, որովհետև Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ և ցանկանում է հենց հիմա: Ըստ էության, Ադրբեջանն ասաց՝ կամ սրա շուրջ եմ բանակցելու, կամ ընդհանրապես չեմ բանակցելու: Այսինքն՝ ես ոչնչի շուրջ չեմ բանակցելու: Մի կարևոր բան էլ պետք է հաշվի առնել, որ ըստ էության բանակցությունները գտնվում են  փակուղում, որովհետև ինչի՞ց կարելի է հավերժ խոսել, եթե ամենակարևոր խնդիրն այստեղ Արցախի կարգավիճակն է, Արցախից չի հրաժարվելու ո՛չ  Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը: Հետևաբար՝ ամեն ինչի շուրջ էլ կարելի է պայմանավորվել,  և վերջին 30 տարիներին պայմանավորվածություններ են ձեռք բերել ամենատարբեր դետալների շուրջ՝ սահմանների բացում, կոմունիկացիաների անցկացում, փախստականների հարց… Այսինքն՝ ամեն ինչի շուրջ հնարավոր է պայմանավորվածության գալ, բացի Արցախի կարգավիճակից, սա բոլորի համար ակնհայտ է: Ուստի Ղարաբաղյան հակամարտությունն ունի մեկ խաղաղ լուծում՝ Ադրբեջանը  կամ Հայաստանը պետք է հրաժարվեն Արցախից: Ակնհայտ է, որ ո՛չ Ադրբեջանը, և ո՛չ էլ Հայաստանը չի հրաժարվելու Արցախից, հետևաբար՝ խնդրի խաղաղ կարգավորում պարզապես գոյություն չունի:

Ինչ վերաբերում է բանակցություններին, իհարկե, բոլորս հասկանում ենք, որ բանակցություններն ինքնանպատակ չեն, բոլորս էլ հասկանում ենք, որ բանակցությունների այլընտրանքը ռազմական գործողություններն են, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ 2016 թվականին կար, չէ՞, բանակցություն, պատերազմ եղավ, և հետո նորից սկսեցին բանակցություններ: Մեծ հաշվով՝ բանակցությունների ձևաչափի, որակի փոփոխությունը, բանակցությունների  մոտեցումների փոփոխությունը  կարող է կրկին լինել մարտական գործողությունների հետևանքով, երբ գան, սկսեն բանակցել զրոյական կետից: Սա, իհարկե, հնարավոր սցենար է, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եթե հաշվի առնենք, թե ինչ ծավալի զենք ու զինամթերք է Ադրբեջանը ձեռք բերել, և եթե հաշվի առնենք, թե ինչ  տեմպերով է Ադրբեջանն իր զինված ուժերը նախապատրաստում հնարավոր մարտական գործողությունների:

– Իսկ ի՞նչ է նշանակում՝ Բաքուն և Մոսկվան փոխզիջման հնարավորություն են տեսնում, արդյոք սա  չի՞ նշանակում, որ Մոսկվան աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը:

– Այստեղ չափազանց կարևոր է այն, որ Մոսկվան միջնորդ է և միայնակ չէ այս գործում, համանախագահ պետություններից մեկն է: Որպես հիմնական խաղացողներ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում տարբերություններ շատ չկան, այսինքն՝ մոտեցումներն այդքան էլ տարբեր չեն: Եթե կողմերից մեկն ինչ-որ նոր գաղափար է առաջարկում, կապ չունի՝ դա լինի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, թե, ենթադրենք, Ֆրանսիան, դա չի նշանակում, որ ինքը սեպարատ է խաղում: Միգուցե թվա, թե Լավրովի պլանը սեպարատ պլան է, սակայն համանախագահները համաձայնեցրել են այս մոտեցումները, սկզբունքները, փաթեթը: Նաև կարևոր հարց կա, թե վերջիվերջո խնդիրը գնալու է փուլայի՞ն կարգավորմամբ, թե՞ փաթեթային: Համոզված եմ, որ Ադրբեջանը չի հրաժարվելու որևէ բանից: Այսինքն՝ եթե գնանք փուլային տարբերակով, վերադարձնենք մի քանի շրջան, հետո Ադրբեջանը պահանջելու է նաև Արցախը: Այսինքն՝ չի բավարարվելու նրանով, ինչ ունեցել է: Հենց այդ պատճառով փուլային տարբերակը վաղուց մերժվել էր մեր կողմից:

Այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք ևս կա. ոչ ոք չգիտի, թե ինչ սկզբունքների հիման վրա է հայկական կողմը բանակցում: Ոչ ոք պատկերացում չունի Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կա՞ն, թե՞ չկան, մերոնք պնդո՞ւմ են, ստիպո՞ւմ են, բանակցությունների ժամանակ այդ հարցը բարձրացնո՞ւմ են, թե՞ չեն բարձրացնում, ոչ ոք չգիտի՝ Մադրիդյան սկզբունքները կա՞ն, թե՞ չկան: Մադրիդյան սկզբունքներից հետո հազար բան է փոխվել, իրողություններ են փոխվել: Ոչ ոք չի հասկանում՝ նոր Մադրիդյան սկզբունք կա՞, թե՞ չկա: Այս բանակցություններն առանձնանում են նրանով, որ շատ ավելի փակ են, քան նախկինում, որովհետև նախկինում գոնե գիտեինք՝ պայմանավորվածությունները ձեռք էին բերվում շատ կոնկրետ ուղղություններով,  և այդ կոնկրետ ուղղություններով ձեռք բերված պայմանավորվածությունները ՄԽ համանախագահների քավորությամբ կյանքի էին կոչվում:

– Վերջին երկու տարվա ընթացքում  ՀՀ իշխանություններին մեղադրում են Ղարաբաղյան հարցում հստակ դիրքորոշում չունենալու մեջ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է կաշկանդված ներկայիս իշխանությունը, ինչո՞ւ մենք չգիտենք՝ ի՞նչ փոխզիջման ենք պատրաստ, ի՞նչն է ընդունելի հայկական կողմի համար և ի՞նչը՝ ոչ:

– Կարծում եմ՝ մենք նաև կողմնորոշված էլ չենք: Եթե Երևանից երկու հայտարարություն է գնում մի քանի օրվա տարբերությամբ, որ «Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ անդամ», և հետո  հայտարարություն է գնում, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»…: Իհարկե, ոչ միայն Բաքվում, այլև համանախագահներն ասում են՝ «կողմնորոշվեք, տղերք, ի՞նչ եք Դուք ուզում, ինքներդ Ձեր դիրքը կողմնորոշեք և հետո եկեք, բանակցեք Ձեր դիրքերից»: Երկրորդը նաև այն մոտեցումն է, որ խնդիրը նաև պետք է լուծվի և ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

– Հնարավո՞ր է նման լուծում:

– Իհարկե ոչ: Նման լուծում գոյություն չունի, որ բոլորին բավարարի, որովհետև մեզ բավարարելու է անկախ Արցախը կամ հետագայում Հայաստանին միացած Արցախը, իսկ Ադրբեջանին Արցախը՝ իրեն ցանկալի կարգավիճակով: Ինչպե՞ս պետք է երեք ժողովուրդների համար էլ ընդունելի լինի: Այդպիսի լուծում չկա, գոյություն չունի, այդ բանաձևը չի աշխատելու,  և ըստ էության դա մեռելածին բանաձև է: Մենք ինքներս պետք է կողմնորոշվենք, թե ինչ ենք մենք ցանկանում, ինչպիսի ռազմավարություն ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել