Արդեն մեկ ամիս է, ինչ #HymenGate-ը փոթորկել է համացանցը. սկանդալը հայտնի ամերիկացի ռեփեր և հեռուստահաղորդավար T.I.-ի շուրջ, որն, իր իսկ խոսքերով, տարին մեկ անգամ իր 18-ամյա դստերը տանում է գինեկոլոգի մոտ՝ կուսության թեստ անցնելու համար:
Այդ մասին նա հայտնել է Ladies Like Us պոդքաստին տված հարցազրույցում՝ պարծենալով և դա որպես պատասխանատու հայրության դրսևորում անվանելով: Ռեփերը նկարագրել է բժշկի հետ ունեցած իր զրույցը.
«Լսիր, դոկ (…): Խնդրում եմ, պարզապես ստուգիր, տեղում է արդյոք կուսաթաղանթը և օպերատիվորեն ներկայացրու ինձ իմ արդյունքը»: Այս հարցազրույցով թողարկումը շուտով հեռացվել է, երբ պոդքաստն արագորեն սկսել է բացասական ակնարկներ հավաքել Apple Music-ում:
Այժմ Նյու Յորք նահանգի օրենսդիրները պահանջում են արգելել «անմեղության թեստը»: Իսկ 2018-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել այս պրակտիկան՝ անվանելով այն «ցավոտ, նվաստացնող և տրավմատիկ»: