Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչ» գիրքը վերջերս նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ նկարահանվեց համանուն հեռուստանովել, որտեղ բացահայտվեցին գրողի ամբողջ փիլիսոփայության ամենամութ անկյունները։ Առաջարկում ենք ծանոթանալ «Վերջին ուսուցիչը» գրքից 15 մտքի, որոնք կթափանցեն հոգու մեջ ու կսովորեցնեն ապրել։ 

1. Գիրք կարդալը ծով մտնելու նման է. պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես նրանց տարերքին։ 

2. Գրականությունը բոլորին է պետք և ոչ թե միայն նրան, ով բանասեր է դառնալու, բոլորին և ոչ թե միայն նրան, ով որևէ բուհ է ընդունվելու կամ խցկվելու։ 

3. Անկեղծությունը պարտավորությամբ չի լինում։ 

4. Գրադարանը գրքերի պահեստ չէ, այլ կարդացվող, մշակվող, ձեռքից ձեռք անցնող գրքերի տուն:

5. Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա: Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես։ 

6. Ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում, սիրո զավակը: Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ: Չար մարդիկ հաշվով կատարված ամուսնություններից են:

7. Սեր չկա… ուրեմն ամուսնությունը հաշիվ է: Կամուսնանամ, ուրեմն, հաշվով, որ հետո, երբ չստացվի, ասեմ` հաշիվներս սխալ դուրս եկան և ոչ թե սերս:

8. Ո՞վ է մեզ ավելի հաճախ խաբում, քան մենք ինքներս...

9. Ով գիտի շողոքորթել, հենց նա է, որ գիտի զրպարտել:

10. Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար։

11. Այս սերունդը հինգերորդ աստիճանի հավասարում է, այդպիսի անլուծելի հավասարումներ կան։ Այս սերնդից միջին հանել և քանորդում ինչ-որ բան ստանալ անհնար է. ամեն մեկը առանձին հավասարում է, որ իր, միայն իր լուծումն ունի։ Եթե ունի։

12. Հեքիաթներ ունեցեք,  ձեր հեքիաթը,  ձեր էության ինչ-որ մասով ապրեք հեքիաթի մեջ...

13. Ջահելների հետ տարվող աշխատանքն ինձ հաճախ թվում է բալետ․․․ սառույցի վրա։ Մենք պարում ենք սառույցի վրա, իսկ սառույցից ներքև նրանց կյանքն է՝ իրենց հոգսերով, հիմարություններով, երազներով, սխալներով։

14. Երազանքներն էլ գրվում են թվանշան ստանալու համար...
«Երազում եմ շինարար դառնալ, կառուցել Երևանը»:
«Գերազանց» - գրում է ուսուցիչը, իսկ նա հինգ տարի հետո մեծանում ու դառնում է կոշիկի խանութի վաճառող: Ոչ, նա այն ժամանակ էլ գիտեր, որ շինարար չի դառնալու, բայց թե գրեր, որ առևտրական է ուզում դառնալ, դասատուն կարմիր թանաքով կուղղեր նրա «երազը»։

15. Մութը աշխարհը խլում է մարդուց, բայց նրան վերադարձնում է ինքն իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել