Երեկ ես գնացել էի Կենտրոն ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման են ենթարկվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործողություններից դժգոհող և նրա հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա նկատեց, որ ոստիկանությունում ավելի շատ մարդ էր հավաքված, քան նախարարության մոտ, ինչը բնական էր, քանի որ ակցիաների նման ճնշումն ավելի մեծ ակցիա է առաջացնում: «Մյուս կողմից էլ հասկանալի է, որ փողոցային առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այդ օրենքները»,-ասաց նա և նշեց, որ վերջին օրերին սա միակ սկանդալը չէ և հիշեցրեց «ԿամԱԶ»-ների հետ կապված սկանդալը, Գրիբոյեդովի արձանը ներկելու սկանդալը, Աբու Դաբիի շեյխին ոչ պատշաճ ընդունելու սկանդալը:

«Այս ամեն ինչը, մեղմ լինելու համար չասենք՝ հիմարություն է, սակայն անհեթեթություններ են, որոնց կարիքը չկա բնականոն ապրող պետության համար: Սակայն Նիկոլ Փաշինյանը գնում է այս քայլերին՝ նպատակ ունենալով այսպիսի սկանդալներ բորբոքել: Ես կարծում եմ, որ այստեղ կա մի հիմնական խնդիր, որի համար նա անգամ պատրաստ է իր ռեյտինգը, ժողովրդավարությունը զոհել և գնալ այդպիսի քայլին: Ես կարծում եմ, որ այս ամենի պատասխանը մի բան կարող է լինել, և այդ մասին համարյա թե պատահական իմացանք երեկ, երբ հայտնի դարձավ, որ այսօր հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ները և այդ մասին իմանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից:

Հանդիպելու են և սկսելու են արդեն բովանդակային բանակցություններ, այսինքն արդեն կա միասնական փաթեթ, որը քննարկվելու է: Այսպիսի սկանդալային լրահոսը մեկ նպատակ ունի` կեղծ օրակարգ ստեղծել Ղարաբաղի հետ կապված հարցերի շուրջ»,-ասաց նա և նշեց, որ ըստ լուրերի՝ ամսվա վերջին հանդիպելու են նաև Փաշինյանը և Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել