Operativ.am-ը գրում է․

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունյինը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին համեմատել է չինական գրականության կերպարներից մեկի՝ բամբասկոտ պառավի հետ, որը անընդհատ նույն բանն է կրկնում։ Դիվանագետը այդ համեմատությունն արել է երեքշաբթի օրվա իր ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով, աշխարհում բացարձակ չկան ապացույցներ, որոնք կհաստատեին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները։ Չունյինն ընդգծել է, որ հակառակը՝ ավելի ու ավելի շատ երկրներ են Huawei-ի սարքերն անվտանգ համարում, թեեւ Պոմպեոն անընդհատ խոսում է դրանց վտանգավորության մասին։

Մայիսի 15-ի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների տեղեկատվական-կոմունիկացիոն ենթակառուցվածքները արտասահմանյան սպառնալիքից պաշտպանելու համար արտակարգ դրության մասին հրամանագիր էր ստորագրել։ Դրա հետ կապված՝ երկրի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ին Huawei-ի ներառել էր իր «սեւ ցուցակում»՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Մայիսի 20-ին հաստատությունը Huawei-ին 90 օրով ժամանակավոր լիցենզիա էր տրամադրել։

Անցյալ տարվա օգոստոսին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որն արգելում էր ԱՄՆ կառավարական հաստատություններին օգտագործել Huawei-ի եւ չինական եւս մեկ ընկերության՝ ZTE-ի սարքավորումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել