Pastinfo.am-ը գրում է․

Եթե երկու ամսվա մեջ ոչինչ չի փոխվել, արդեն ցուցիչ է, որ անձին ազատ արձակեն, որովհետև պարոն Քոչարյանը պարտավոր չէ կալանքի տակ գտնվել, որովհետև դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է արձակուրդ գնալ։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Ըստ նրա՝ առ այսօր ոչ մի նույնաբովանդակ միջնորդություն չեն ներկայացրել և նման ծրագրեր չունեն, իսկ ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե միջնորդություններ ներկայացնելով դատավարություն են ձգձգում, Ալումյանն ասաց. «Նրանց մի մասն իրավաբան չեն և չեն պատկերացնում իրականությունը, իսկ մյուս մասը՝ այդ ձևով փորձում են ուղղակի մեզ դնել մի վիճակի մեջ, որ մենք որոշ միջնորդություններից գուցե հրաժարվենք»։ Ալումյանի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում շեմը բոլորովին այլ է և, երբ քննարկվում է կալանավորման հարց, ապա մեղադրանքի հիմնավորվածության հարցի շեմը շատ ցածր է, իսկ հիմա, երբ քննվում է, շեմը շատ ավելի բարձր է և մեղադրանքի հետ կապված փաստարկները չեն կարող չքննարկվել՝ ելնելով հանգամանքից, որ կալանավորման պահին նախաքննության ընթացքում ինչ-որ փաստարկների վերաբերյալ դատարանը ինչ-որ կարծիք է արտահայտել։

Ալումյանն ընդգծեց, որ նախաքննության ընթացքում երկու ամիսը մեկ պետությունը պարտավոր է վերանայել անձի խափանման միջոցի հարցը։ «Հնարավոր է, որ երկու ամիս հետո այդ հիմքերը բավարար չլինեն։ Այդ նույն հիմքերը, որոնք հունիսին բավարար էին, որ տվյալ անձը գտնվի կալանքի տակ, այդ նույն հիմքերը՝ նույնությամբ, արդեն օգոստոս ամսին բավարար չլինեն, որ նույն անձը գտնվի կալանքի տակ»,- ասաց Ալումյանը՝ նշելով ՝ որքան երկար է տևում անձի անազատությունը քննության ընթացքում, այդքան ավելի կարևոր է դառնում նրա ազատ արձակվելու իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել