ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Առաջին հայացքից բավական կարևոր է, որ խոցելի խավը ևս հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշատակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի այս միտքը (մեջբերում եմ). «Ենթադրենք՝ այսօր մեր պետությունը, հաշվի առնելով օբյեկտիվ հնարավորությունը, ևս 3.000 դրամով բարձրացրեց այդ նպաստը, ի՞նչ է փոխելու դա կոնկրետ մարդու կյանքում, լավ 5.000 դրամով, ենթադրենք՝ 10.000 դրամով բարձրացվեց, ի՞նչ է փոխելու դա մարդու կյանքում, ճակատագրի մեջ ի՞նչ է փոխվելու: Այո՛, մենք եկանք այն եզրակացության, որ, մեծ հաշվով, ռազմավարական առումով ոչինչ էլ չի փոխելու»:

Պարզապես ապշած եմ: Կառավարության հարգելի անդամներ, ձեր խնդիրը ճակատագիր փոխելը չէ: Ի դեպ, երբ դուք եկաք իշխանության, փոխվեցին միայն եկողների ճակատագրերն ու գնացողներինը, մնացած բոլորինս մնաց նույնը, հավատացեք: Ինչքան էլ դժվար է պատկերացնել, բայց ժողովուրդը չի հաղթահարել իր մտքի ու ստամոքսի աղքատությունը, հաշմանդամների ճակատագրերը ևս չեն փոխվել:

Համաձայն եմ վարչապետի այն մտքի հետ, որ մեր խնդիրն է այնպես անել, ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որպեսզի մարդն ինքը կարողանա իր հնարավորությունների, տաղանդի շրջանակում ունենալ հնարավորություններ՝ սկսած կրթությունից, ավարտված բիզնես գործունեությունից, էլ չեմ ասում տեղից տեղ շարժվելու հնարավորությունից: Բայց սա երկարաժամկետ կտրվածքի խնդիր է, իսկ այդ մարդիկ այսօր, այս պահին ունեն խնդիրներ, ծախսեր, որոնք թեկուզ մի փոքր թեթևացնելը իսկապես վատ չի լինի: Ու Բաթոյանի նշած 3000, 5000 կամ 10000 դրամ օգնությունը չի հակասում, որ հաշմանդամների համար մեր երկրում ստեղծվեն ավելի լավ պայմաններ:

Եթե կարելի է տարբեր գերատեսչությունների, նախարարների աշխատավարձերը բարձրացնել (անգամ ժողովրդից գաղտնի), ապա ինչո՞ւ չի կարելի օգնել իսկապես կարիք ունեցող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել