Pastinfo.am-ը գրում է.
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է։ Այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվել է։ Փաստաբան Միհրան Պողոսյանին Շտապ օգնության աշխատակիցները բուժօգնություն են ցույց տալիս։ Եթե բժիշկը կգտնի, որ Միհրան Պողոսյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստին, ապա դատական նիստը կշարունակվի։
Նշենք, որ դատարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությունը՝ Ս.Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին։ Դատարանն արձանագրեց, որ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացրել նաև մյուս պաշտպանները։ Նախատեսվում է, որ այս դատական նիստին Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության հետ կքննեն նաև մյուս միջնորդությունները։
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։