Համո Սահյանը հոգու և սրտի բանաստեղծ էր, ում բանաստեղծությունները մինչև օրս չեն կարող անտարբեր թողնել պարզությունն ու խորիմաստությունը սիրող յուրաքանչյուր անհատի։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենադիպուկ ու ամենահուզիչ բանաստեղծություններից 11 մեջբերումների, որոնք կհասնեն մինչև սրտի խորքն ու կջերմացնեն այն։ 
1. Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:
2. Առ քո թևերին, տար ինձ ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում...
3. Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
4. Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն առանց մեզ...
5. Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
6. Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։

7. Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով» …
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

8. Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են, թե խելոք մնա:

9. Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։

10. Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

11. Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ-կապույտ
Արտասուքները սրբելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել