Այս հեքիաթի հեղինակը մի երեխա է, որն ապրում է հոսպիսում, բժիշկներն այլևս ոչինչ չեն կարող անել նրա համար սկսած անցյալ աշնանից: Հեքիաթը 12-ամյա Միշան գրել է դպրոցական գրական մրցույթի համար: Երբ նրան տարել են վերակենդանացման բաժին, խոստացել են, որ իր գրած հեքիաթը շատերը կկարդան: Քանի որ նա ինքնուրույն չի կարող տեղադրել իր հեքիաթը, դա անում են ուրիշները, տարածում են ու դրանով մասնակցում փոքրիկի երազանքի իրականացմանը: Այս պատմությունն էլի էի լսել, հիմա, երբ վերջապես գտա երեխայի ստեղծագործությունը, պատիվ համարեցի այն թարգմանել ու հրապարակել: Բոլորովին կապ չունի ով է հրապարակում, ինչ լեզվով են խոսում ջերմություն ուղարկողները: Ասում են այսօր արդեն փոքրիկն իրեն ավելի լավ է զգում: Որոշեցի իմ սրտից մի կաթիլ էլ ես ուղարկեմ նրան  

ՀԵՔԻԱԹ ԼՈՒՍՆԻ ՇՈՂԻԿԻ ՄԱՍԻՆ
Կար չկար, մի փոքրիկ, ոսկեգույն լուսնի շող կար: Նա շատ բարալիկ էր, հազիվ էր ճեղքում թանձր ամպերը: Թավ անտառում նա հաճախ մոլորվում էր ճյուղերի արանքում, չէր կարողանում մտնել այն սենյակը, որի պատուհանը վարագուրված էր: Նա երազում էր դառնալ այնպիսին, ինչպիսին իր ավագ եղբայրներն էին` արևի ուժեղ ու վառ շողերը, որ կարողանա մարդկանց ջերմություն, կյանք և ուրախություն տալ: Շողիկը տխրում էր.«Միթե ես միշտ այսքան թույլ եմ լինելու: Ի՞նչ լավ բան կարող եմ անել»: Բայց մի օր գեղեցկուհի արծաթե աստղը նրան ասաց. «Մենք յուրահատուկ ենք: Մենք կարողանում ենք լույս տալ գիշերը և աշխարհին հեքիաթ նվիրել: Ուղղակի շողա ամբողջ սրտով ու ոչնչից մի վախեցիր»:
Եվ լուսնի շողը վազեց գետի մութ ջրերի վրայով ու փայլփլուն ճանապարհ նկարեց: Բոլոր թռչունները, ձկներն ու անգամ ափին աճած ծառերը հիացան նրանով: Հետո նա սողոսկեց տներից մեկի օդանցքով և շոյեց այնտեղ քնած փոքրիկի այտը, որը հեքիաթային երազ տեսավ: Շողիկը պարեց անտառի սաղարթներում և օգնեց, որ մոլորված եղնիկի ձագը գտնի իր մայրիկին: Իսկ առավոտյան, նա, հոգնած ու երջանիկ, վերադարձավ տուն` լուսնի սկավառակ, և թաքնվեց այնտեղ մինչև մայրամուտ, մինչև նոր սխրանքներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել