Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել և հայտնվել են մերկասառույցի վրա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի «Հայավտոճան» ընկերության տեղի ճանշինականները կատարեն ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ։

Այս պահին նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ճանշինը շարունակում է ճանապարհներն աղ ու ավազով մշակելու աշխատանքները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների մեծ մասը տրանզիտ համարանիշներով են, որոնց մի մասը Գյումրիից վերադառնում է Երևան, մի մասն էլ՝ Երևանից Գյումրի։

ՃՈ-ն ու ԱԻՆ-ը կրկին հորդորում են վարորդներին, որպեսզի ամառային անվադողերը փոխեն ձմեռայինով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարությունում արդեն ստեղծվել է օպերատիվ խումբ՝ «Հայավտոճան» ընկերության տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր անհրաժեշտության դեպքում շտապ մեկնելու են նշված վայրեր, որպեսզի օգնության հասնեն վարորդներին։ Իսկ հանրապետության ողջ մարզերում ճանշինականների աշխատանքներին օնլայն եղանակով հետևելու են Ս. Պապիկյանն ու Գ. Հակոբյանը։

Այս պահին ուժեղացված ծառայությունը նշված հատվածում շարունակվում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Թելման Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեսուչներն էլ շատ դեպքերում քարշակի դեր են տանում. ավտոմեքենաները 100-300 մետր հրելով՝ բքի պայմաններում դուրս են բերում անվտանգ վայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել