Փաշինյանի «ձախողվածները» և Հայաստանի ձախողումը 

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ասֆալտին է փռում և պատեպատ տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարկառուն թիմակիցներին՝ նրանց մեղադրելով անգործության, դիլետանտիզմի, անկազմակերպ լինելու և այլնի մեջ։
Պարոն Աղաջանյանն իր ելույթում խայտառակում է ներկայիս ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին, վերջինիս ամուսնուն՝ Նարեկ Բաբայանին, ով այժմյան կառավարությունում ստանձնում է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին և ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Ամբողջությամբ համաձայն եմ պարոն Աղաջանյանի հետ, որ վերը նշված անձինք, ում նա պատեպատ էր տալիս, իրոք դրան արժանի են։ Սակայն շատ զարմանալի է այն, որ, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո այդ բոլոր դիլետանտ ձախողվածները ստանձնեցին Հայաստանի ամենաբարձր պաշտոնները։ Պարոն Փաշինյանի համար մեր երկիրը լաբորատոր առնետ է, որի վրա փորձարկումներ կատարելով` իր անփորձ և իրենց ոլորտներում ձախողված ընկերները «սովորում են» կառավարել։ Մենք այդքան շռայլություն մեզ չէինք կարող թույլ տալ, որ Ալեն Սիմոնյանի և հատկապես Լենա Նազարյանի նման կերպարները ստանձնեին ԱԺ փոխխոսնակի պաշտոնները։ Տիկին Նազարյանն ընդհանրապես իր տաֆտոլոգիաներով ուղղակի գերազանցել է Գալուստ Սահակյանին։

Ռոմանոս Պետրոսյանին, ում պարոն Աղաջանյանը մեղադրում է մի թեթև ծրագիր ձախողելու մեջ, պարոն վարչապետը վստահել է ղեկավարել Կոտայքի մարզը, ու այդ կերպարից սպասում էին, որ նա կարող է իր թեկնածուին քաղաքապետ դարձնել Աբովյանում։

Հետաքրքիր է Արայիկ Հարությունյանի մասին պարոն Աղաջանյանի կարծիքը։ Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի` այժմյան սուպերնախարարը միակն է եղել, ով ՔՊ-ում աշխատավարձ է ստացել ու, ըստ Աղաջանյանի, Արայիկ Հարությունյանն, ամբողջ օրը տրամադրելով ՔՊ-ի գործունեությանը, ի պաշտոնե համարվում է վարչության ձախողման գլխավոր պատասխանատուն։ Այն, որ Արայիկ Հարությունյանն առանց Նիկոլ Փաշինյանի բացարձակ զրո է, ոչ մեկի համար նորություն չէ։ Սույն գործիչն իր անճարությունը ցույց տվեց հեղափոխությունից մի փոքր անց, երբ չկարողացավ ինքնուրույն լուծել Չարենցավանի դպրոցներից մեկում ծագած վեճը։ Այդ հարցի լուծման համար Չարենցավան ստիպված էր գնալ ՀՀ վարչապետը։ Սա խայտառակություն էր։ Արայիկ Հարությունյանի հետագա գործունեությունը ԿԳ նախարարի աթոռում բացահայտեցին սույն կերպարին ամբողջությամբ։ Հայաստանյան բուհերում ստեղծված այժմյան խառնաշփոթ և խայտառակ վիճակի համար պատասխանատու է հենց ԿԳՄՍՆ ղեկավարը, ով զբաղված է «Քաջ Նազարների» և իր պես դիլետանտների հովանավորչությամբ։

Ինչպե՞ս կարելի էր 4 ոլորտներ վստահել մեկին, ով ժամանակին տապալել է մի փոքրիկ կուսակցության վարչության աշխատանքը։ Հետաքրքիր է նաև այն, որ այս անձը, ով, ըստ Աղաջանյանի, ամբողջ օրը տրամադրել է ՔՊ-ի գործունեությանը և դրա դիմաց աշխատավարձ է ստացել, 1,25 դրույք ծանրաբեռնվածությամբ ասիստենտի պաշտոնում աշխատել է նաև ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնում։ Զարմանալի է։ Ինչպե՞ս է հասցրել «հալածյալ» Արայիկ Հարությունյանը, ով ապօրինաբար է ստացել այդ պաշտոնը, քանի որ չի համապատասխանել ասիստենտի պաշտոնի պահանջներին, ամբողջ օրը զբաղվելով ՔՊ-ի գործերով, նաև այդպիսի ծանրաբեռնվածությամբ աշխատել ԵՊՀ-ում։ Այս 1,6 տարին, ինչ պարոն Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, ապացուցեցին, որ պարոն Աղաջանյանի կողմից ընդամենը 2017 թ․-ի հոկտեմբերի 24-ին ներկայիս Փաշինյանի շրջապատի որոշ ներկայացուցիչների դեմքերը պատռելը և իրական կերպարները ներկայացնելը, չեն կորցրել արդիականությունը նաև հիմա։

Սակայն Հայաստանի համար աղետալին այն է, որ պարոն Փաշինյանի կողմից իշխանության բերված անձանց և երեսփոխանների 90 տոկոսը իրենց դիլետանտիզմով ոչնչով չեն զիջում Սիմոնյանին, Նազարյանին, Հարությունյանին, Բաբայանին և Պետրոսյանին։

Շնորհակալություն պարոն Աղաջանյանին, որ իրերն իրենց անուններով կոչեց։

Հ.Գ. Ի դեպ, պարոն Աղաջանյանն արատավոր ևս մեկ բան բացահայտեց ՔՊ-ի ներքին խոհանոցից։ Վերը նշված անձանցից ոմանք բանսարկու են և պատասխանատվությունից խուսափելու համար պատրաստ են կուսակից ընկերոջը դավաճանել։ Թե հետագայում ո՞ւմ վրա են բարդելու իրենց անհաջողությունները, երևի բոլորին էլ պարզ է։
Փաշինյանի ձախողակ թիմն իր ձախողված գործիչներով Հայաստանը տանում է ձախողման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել