ԱՄՆ-ի դատարաններից մեկը մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին 1982 թվականին սպանելու մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի դիմումը, որով նա խնդրում էր ցմահ բանտարկությունը փոխարինել պայմանական կարգով ազատ արձակելու որոշմամբ։ Նրա նախորդ նման դիմումները մերժվել էին նաեւ 2ՕՕ6 եւ 2Օ1Օ թվականներին, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Սասունյանի նկատմամբ 1984 թվականին կայացվել էր ցմահ բանտարկության դատավճիռ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորության։ Ցմահ բանտարկության մասին դատավճիռը պատճառաբանվել էր նրանով, որ Արիքանի սպանությունն իրականացվել է ազգային դրդապատճառներով։
Սակայն 2Օ12 թվականին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը դաշնային իշխանություններին էր ներկայացրել Սասունյանին ներում շնորհելու խնդրագիր։
Պայմանական կարգով ազատ արձակվելու խնդրանքով Սասունյանի դիմումը մերժելու ամերիկյան դատարանի որոշումը գովեստի է արժանացել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Նախարարության հայտարարության մեջ ասված է, թե «Թուրքիան մեկ անգամ եւս հարգում է մարտիրոսացված դիվանագետի հիշատակը»՛։
Սասունյանը եղել է Հայաստանի ազատագրության հայկական գաղնտի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ, կազմակերպություն, որը, գործելով 197Օ-ականների սկզբից մինչեւ 199Օ-ական թվականները, թիրախ էր ընտրել ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում թուրք դիվանագետներին՝ աշխարհին հիշեցնելու համար Հայոց ցեղասպանության փաստը։