Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառում է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում են ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:
Ի սկզբանե նշեմ, որ նախագիծը հակասում է Սահմանադրությանը և ընդհանրապես առկա իրավակարգավորումներին:
Մասնավորապես՝ նախագծով վերոնշյալ օրենքում «ընտանիքի անդամ» հասկացության մեջ լրացվում է հետևյալ բովանդակությամբ «զուգընկեր» եզրույթը՝ «գ. զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ.»:
Ակնհայտ է, որ տվյալ իրավակարգավորման արդյունքում ընտանիք հասկացության ներքո ներառվում են նաև ԼԳԲՏ (լեսբուհիի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) զույգերը:
Գործող օրենքի համաձայն՝ ընտանիքի անդամներ են՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները, համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը:
Այս սահմանումը լիովին տեղավորվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի՝ Ընտանեկան օրենսգրքի կարգավորումների շրջանակում, որից բխում է, որ ընտանիքի անդամներ են՝ամուսինները, ծնողները, զավակները, որդեգրողները ու որդեգրվածները:
Միաժամանակ, Սահմանադրության համաձայն՝ ընտանիք կազմելու իրավունք ունեն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը՝ միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալով:
Այսինքն՝ նախագծով առաջարկվող այս կարգավորումը հակասահմանադրական է: Զուգընկեր հասկացության ներդրումը հակասում է և՛ Ընտանեկան օրենսգրքին, և՛ Սահմանադրությանը:
Ուշագրավ է նաև առաջարկվող մեկ այլ կարգավորում. օրենքի վերնագրից առաջարկվում է հանել «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» բառերը:
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ «ընտանիքում համերաշխության վերականգնում» բառերի օրենքի վերնագրում ամրագրումը մատնացույց է անում այդ հարցի՝ պետության առաջանահերթություն լինելու հանգամանքը, առավել ևս, որ Սահմանադրության համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:
Ամփոփելով վերոգրյալը՝ եզրակացնում եմ, որ ՀՀ իրավական համակարգում նմանաբնույթ կարգավորումների ներմուծումը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար բավարար իրավաչափ հիմքեր ստեղծելու նպատակով, քանի որ այս հարցում գործող քաղաքական ուժը հանդիպեց բավականին ուժգին հանրային դիմադրության:
Սա կարող է նաև հանդիսանալ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների պատճառներից մեկը, քանի որ մինչև Ազգային ժողովի օրակարգում ընդգրկելը Սահանադրական դատարանը պետք է տա կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն:
Գտնում եմ՝ եթե իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից է ԼԳԲՏ համայնքի իրավունքների լրացուցիչ երաշխավորումը, նրանք պետք է հրաժարվեն մանիպուլյատիվ մեթոդներից ու զարտուղի ճանապարհներով այդ նպատակի իրագործման փորձերից և ազնվություն ունենան հայտարարելու այդ մասին՝ փորձելով ուսումնասիրել և հասկանալ՝ արդյոք մեր հասարակությունը պատրաստ է նմանաբովանդակ կարգավորումներին:
Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությանն ուղղված փաստարկներին.
1. Կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից, և քանի որ ստորագրվել է, անհրաժեշտ է վավերացնել այն:
Սա միջազգային իրավունքի վերաբերյալ պատկերացումների և գիտելիքների պակասի, կամ էլ մանիպուլյացիայի փորձի մասին է վկայում, քանի որ միջազգային իրավունքում ընդունված պրակտիկա է ի աջակցություն գործընկերային հարաբերությունների ստորագրել փաստաթուղթը, իսկ վավերացնելիս՝ ձեռնպահ մնալ: Դիցուք՝ ՀՀ-ում առկա են տասնյակ ստորագրված և չվավերացված միջազգային փաստաթղթեր, նմանաբնույթ տրամաբանության պարագայում, պետք է սկսել սկզբից և ըստ տարեթվերի հերթականության վավերացնել բոլոր ստորագրված կոնվենցիաները:
Մեկ այլ հարց է նաև, որ իշխող քաղաքական ուժն ընդհանրապես կաշկանդված չէ նախորդների որոշումներով ու քաղաքականությամբ և կրկին քաջություն չունի բարձրաձայնելու իր քաղաքական դիրքորոշումը:
2. Կոնվենցիան ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարի մասին է:
Վերոնշյալ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է ընդամենը 2017 թ-ին և մեր պետության ձեռքբերումներից է: Ուստի՝ արդեն առկա են իրավական հիմքեր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար, և կարելի է էլ ավելի կատարելագործել գործող իրավակարգավորումները կամ ներդնել ավելի արդյունավետ իմպլեմենտացիոն մեխանիզներ:
3. ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանված չեն:
Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանած են պատժատեսակներ ցանկացած բռնարարքի համար, և կապ չունի, թե բռնության զոհը երեխա է, կին, տղամարդ, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ: Այս պարագայում գործում է Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը, համաձայն որի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: