ՌԴ Ռյազանի մարզի բնակիչ, տեսողական խնդիրներ ունեցող Վլադիմիր Կրիսանովը 1-հարկանի տուն է կառուցել: Աշխատանքի ընթացքում նրա հիմնական օգնականներն են եղել ծեր մայրն ու ուղեկցող շունը: Այս մասին նա պատմել է ForumHouse յութուբյան ալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Տղամարդը տունը սկսել է կառուցել 2010 թվականից: Սկզբում ցանկացել է ամառային ծածկապատշգամբ կառուցել, սակայն այդ ընթացքում իր հիմնական տունն արդեն քանդվելիս է եղել: Գրեթե բոլոր նյութերը` տախտակները, պատուհանների շրջանակները և մնացածը Կրիսանովն աղբավայրից է հավաքել և օգտագործել է ամենասովորական գործիքները:

54-ամյա տղամարդու խոսքով` ամբողջ ընթացքում դժվարություններից մեկն այն է եղել, որ ի տարբերություն տեսնող մարդկանց, իր գործը շատ դանդաղ է առաջ գնացել: Երկընտրանքի առաջ է կանգնել. կա՛մ պետք է դանդաղ աշխատել, կա՛մ ոչինչ չանել:

«Իսկ շինարարներ վարձելու գումար չկար»,- ասել է Վլադիմիր Կրիսանովը:

Նա պատմել է, որ տունը կառուցելու ընթացքում ցանկացել է օգտվել պլաստիկ պատուհանների տեղադրմամբ զբաղվող ընկերության ծառայություններից, սակայն վերջինիս աշխատակիցները խաբելով վերցրել են 25 000 ռուսական ռուբլի և անհետացել: Այդ ժամանակ օգնության է հասել մեկ այլ ընկերություն, որը պատուհանները տեղադրել է անվճար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել