Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանն ու համալսարանական հիվանդանոցի ուրոլոգները համատեղ իրականացրել են բարդ վիրահատություն:

Համալսարանից հայտնում են, որ Արցախում ծառայության ժամանակ հրազենային վիրավորում ստացած ժամկետային 19-ամյա զինծառայողը, ով ծանր վիճակում տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար ուրոլոգների մասնակցությամբ բժշկական կոնսիլումից հետո տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի խոսքով՝ զինվորն ունեցել է աջ ազդրի, որովայնի և կրծքավանդակի հրազենային ծանր վիրավորում, որի արդյունքում ստացել է ներքին օրգանների լուրջ վնասվածքներ։

«Ուրոլոգների հետ համատեղ կատարել ենք բարդ վիրահատություն՝ վերականգնել ենք վնասված բոլոր օրգանները»,- ասել է պլաստիկ վիրաբույժը՝ վստահեցնելով, որ զինվորի վիճակը գնահատվում է լավ, և հրաշքով փրկված երիտասարդն ապագայում առողջական խնդիրներ չի ունենա: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել