Սեռ ընտրելու ազատության իրավունքը ենթատեքստով դրված է Ստամբուլյան կոնվենցիայի մեջ. սա մարդու ազատությունը շեշտադրող կեղծ ձևակերպում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի կազմակերպած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմայով կլոր սեղան – քննարկմանն ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Կոնվենցիայի ամենակարևոր խնդիրը ենթատեքստերը, թակարդներն են: Այլասերությունը քարոզելու լավագույն ձևը քողարկված ներկայացնելն է: Սա ոչ միայն եկեղեցու, այլ հասարակության լայն շերտերում տարակուսանքի առիթ է տալիս: Ազատությունը հանուն ազատության չի լինում, ինչ ցանկանում եմ անելը ազատություն չէ: Քրիստոնեության տեսանկյունից սա գերություն է, ստրկություն է: Սա ուղղված է մեր ազգային արժեքները ոչնչացնելուն: Մեր ազգային կարևոր հիմնասյուներից են լեզուն, մշակույթը, կրոնը, փորձ է արվում այս ավանդույթները ներկայացնել հետամնացություն»,- նկատեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա անհեթեթություն է համարում այն դրույթը, որ ազգային ավանդույթները, մեր մշակույթը հիմք են արդարացնելու բռնությունը մեր ընտանիքներում. «Իրականում սա շատ կեղծ ձևակերպում է»:
Ըստ հոգևորականի՝ ընտանեկան բռնության կանխարգելման տեսանկյունից շատ ավելի ռեալ և ողջախոհ մոտեցումներ կան. «Ի՞նչ է, մեր օրենքները չե՞ն կարգավորում այս հանգամանքը: Որքանո՞վ է կոնվենցիան անհրաժեշտ, որքանո՞վ է լուծում այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են: Եթե խոսում ենք բռնության, մարդու իրավունքների մասին, կարծում եմ՝ կոնվենցիան դրանց պատճառը վերացնում է, այլ առաջացնում է հարցեր»:
Տեր Եսայի քահանա Արթենյանը չի հերքում, որ Հայաստանում բռնություն կա, բայց նրա կարծիքով՝ կանխարգելումը, լուծումը պետք է լինի անտարբերության վերացումը, մեկը մյուսի նկատմամբ հոգատար լինելը:
«Միշտ էլ եկեղեցին պայքարել է ցանկացած տեսակի բռնության դեմ: Միշտ եկեղեցին եղել է որևէ բանի կարիք ունեցող քաղաքացու կողքին: Մենք այս հովվական առաքելությունը դարեր շարունակ անում են, և սխալ են այս մոտեցումները, թե եկեղեցին այս տեսակ հարցերի նկատմամբ անտարբեր է»,- ասաց նա:



