«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացած Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով առանցքային մարդկանցից մեկն էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց մարտիմեկյան դեպքերից տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Աշոտ Կարապետյանը առնչվում է այն դրվագին, ըստ որի՝ մի անձնավորություն փետրվարի 29-ի լույս 1-ի գիշերը ցուցարարներին հայտնել էր հնարավոր տեղազննության մասին և իբր ձախողել իրենց օպերացիան. «Սակայն հետո բոլորս էլ հասկացանք, որ որևէ միջոցառում չի եղել, այլ միջոցառման անվան տակ հանրահավաքի ցրման գործընթաց է եղել, և այդ գիշեր, երբ փոխգնդապետին հրավիրել են ոստիկանություն՝ իբր առաջադրանք տալու, հրավիրողը Աշոտ Կարապետյանն է եղել»:
Սաֆարյանը նշեց, որ ողջ գիշեր դեպքեր են եղել, որոնք խիստ կասկածահարույց էին. «Այսօր արդեն գիտենք, որ այդ գիշեր որոշակի զենք և զինամթերք է արկղերով տեղափոխվել, և, ըստ իմ վստահորդի հայտարարության, դրանք Օպերայի բակում տեղադրած նույն զենքերն էին, որոնք հետո հիմք հանդիսացան, որ նախահարձակ լինեն»:
Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ Աշոտ Կարապետյանը այդ ամենին տեղյակ անձնավորություն էր, և շատ կարևոր էր նրա հետ կոնկրետ իր վստահորդի առերեսումը. «Մենք միշտ սպասել եք, որ ունենանք առերեսումներ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, հենց այս տարի էլ պատրաստվում էինք որոշակի առերեսումների, իմ վստահորդը անվերջ ասում էր, թե երբ է առերեսվելու, որ այս հանգամանքների կապակցությամբ հանգամանալից ցուցմունքներ ստացվեն, որոշ մարդկանց հետ, իհարկե, առերեսվել է, սակայն մի քանի հոգի մնացել էին, և նրանց թվում էր Աշոտ Կարապետյանը»:
Փաստաբանը նշեց, որ իր համար մտահոգիչ են Մարտի 1-ի գործով առանցքային մարդկանց մահվան հանգամանքները. «Ես կարծում եմ՝ այդ կապակցությամբ պետք է խորքային և թափանցիկ քննություններ լինեն, և շատ համոզիչ պետք է լինեն այդ մարդկանց մահվան վարկածները»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ նախ պետք է հասկանալ կոնկրետ անձանց ՌԴ մեկնելու նպատակները. «Առաջին հերթին ուզում եմ հասկանալ, թե այս իրավիճակում, գործի այս եռուն փուլում նրանք ինչու են կարողացել ՀՀ-ից դուրս գալ: Կոնկրետ անձանց նկատի ունեմ, ովքեր այսօր կա՛մ հետախուզվում են, կա՛մ կասկածյալներ են, կա՛մ այս կամ այն հանգամանքի հետ կապված նրանց հետ գործողություններ պետք է արվեին: Չգիտես ինչու՝ բոլորը հայտնվում են Ռուսաստանում, այնտեղ կա՛մ բռնվում են, կա՛մ չեն հանձնվում, կա՛մ էլ զոհվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: