Տարիներ առաջ էր: Սկեսուրիս ճնշումը կարգավորելու համար ամբողջ օրը մեր տանը լիմոն էր քամվում: Մի օր մի քանի կորիզ խրեցի հողի մեջ: Երկու ծիլ դուրս եկավ: Զարմանալի էր, միաժամանակ էին ծլել, բայց նրանք հավասար չէին աճում, մեկն ավելի փարթամ էր, մյուսը` կոլոտիկ: Ամուսինս ինձնից մի քիչ ավելի կարճահասակ էր, մի օր կատակով ասաց, որ էդ կոլոտիկն ինքն է, բոյովն էլ ես :) Ծիսակարգ էինք մոգոնել, փոքրիկ բաժակներով ամեն մեկս մեր լիմոնը ջրում էինք միաժամանակ: Հետո… նա հիվանդացավ, բնականաբար ուրախությունը հեռացավ տնից, մնացին անքուն գիշերներն ու դեղերի հերթագայության մասին մտքերը: Տան ծաղիկները ջրում էի, երբ հիշեի: Մի օր էլ, հերթական անգամ ամուսնուս հիվանդանոց տանելուց հետո, ես վերադարձա մենակ: Ավելի ճիշտ, արդեն մարդկանց ուղեկցությամբ: Տեղի էր ունենալու ամենատխուր արարողությունը: Տուն մտա, և առաջին բանը, որ աչքովս ընկավ` մեր լիմոններն էին: Արոյի բույսը մի գիշերում չորացել էր…
Իմը մինչև հիմա ապրում է, աճում, ճիշտ է, պտուղ չի տալիս, բայց դեռ կա:
Անգամ բույսն է սիրում, որ իրեն սիրում են, ու կարող է մեռնել սիրո պակասից: Մի կոպտեք մարդկանց, մի ցավեցրեք: Կյանքն առանց ձեր միջամտության էլ իր գործն անում է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/579569422066339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել