Թերևս աշխարհի ամենազարմանալի ցեղերից մեկը բայգան է՝ ցեղ, որին անվանում են մարդ-պանդաների ամբողջություն, ում անհնար է ստիպել աշխատել, ու ովքեր անգամ չգիտեն, թե աշխատանքն ինչ է իրենից ենթադրում. ինչպե՞ս է ապրում այս զարմանալի ցեղը։
Բայգան տեղակայված է Հնդկաստանի կենտրոնական անտառներում։ Այս ցեղը կազմված է շուրջ 15-20.000 մարդուց, ովքեր իրենց համարում են անտառային մարդիկ՝ ձուլված բնությանն ու ծառերին։ Ահա սա է պատճառը, որ ցեղը նախընտրում է չաշխատել ու կենտրոնանալ բնությանը մոտ գտնվելու վրա։ Ցեղում միակ բանը, որ անում են, անտառներում տարատեսակ սերմեր ցանելն է, որոնք նրանք անգամ ջանք չեն էլ թափում, որ հատուկ մշակեն։ Նրանք վստահ են, որ բնությունն ինքը կաճեցնի այդ սերմերն, ու իրենք բերք կստանան, եթե անտառները բարեհաճ գտնվեն իրենց հանդեպ։
Բայգայի ներկայացուցիչները երևի թե աշխարհի միակ մարդիկ են, ովքեր երբևէ ոչ ոքի մոտ չեն աշխատել։ Նրանք վստահ են, որ ինչ-որ մեկի մոտ աշխատելով իրենք պարզապես կվիրավորեն մայր բնությանն ու նրա օրենքներին։ Դա է պատճառը, որ նրանք ապրում են իրենց խիստ հավատալիքներով ու հույսը դնում են միայն անտառների ու նրանց տված բերքի, բարիքի ու կենդանիների որսի վրա։
Այս ցեղում, սակայն, միայն աշխատանքի բացակայությունը չէ, որ տարօրինակ է։ Ցեղն առանձնանում է նաև իր դաջվածքների տարօրինակ ավանդույթով, ըստ որի՝ ցեղում դաջվածքներ անում են բոլոր կանայք։ Այստեղ դաջվածքներ անելու հատուկ մեթոդներ ու եղանակներ գիտեն, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են բոլորին։ Այստեղ կանանց շրջանում դաջվածք անելն այնքան նորաձև է, որ կանայք անգամ իրար հետ մրցում են, թե նրանցից որ մեկն ավելի շատ դաջվածքներ կարող է ունենալ։
Ցեղում կան անգամ դաջվածք անելու հատուկ սեզոններ, երբ ցեղի կանայք հավաքվում են ու հատուկ մասնագետների մոտ սկսում են իրենց դաջվածք անելու գործընթացը։ Ոչ միայն այս ցեղի կանայք, այլ նաև այլ ցեղերի ներկայացուցիչները սիրում են օգտվել ցեղի դաջվածքային ծառայություններից։ Կանայք այնքան են հմտացել այս գործում, որ անգամ արդեն գիտեն, թե որ ցեղում որ դաջվածքն են ամենաշատը նախընտրում։
Այստեղ հետաքրքիր մեկ այլ ավանդույթ էլ կա․ եթե ցեղում որևէ մեկը մահանում է, նրա ընտանիքի անդամները պարտավոր են փոխել իրենց բնակավայրը, որպեսզի ազատվեն նրա մասին բոլոր ցավոտ հիշողություններից։ Այստեղ բնակավայր փոխելը օրինաչափություն է։ Քանի որ ցեղը չի աշխատում, պարբերաբար փոխում է իր ապրելավայրը, որպեսզի գտնի ավելի չօգտագործված ռեսուրսներով անտառներ։
Ինչ-որ պահի կառավարությունը սկսեց բայգայից խլել նրա բոլոր բնակավայրերը՝ պատճառաբանելով, թե նրանք վերացնում են վագրերին ու նպաստում անտառների փչացմանը, սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ, որքան էլ տարօրինակ թվա, ցեղի խաղաղ գործունեությունից անտառները սկսում են ավելի լավ աճել, ու հենց դա է պատճառը, որ կառավարությունը փորձում է տիրանալ այս ցեղի ռեսուրսներին, սակայն ցեղը մինչ օրս պայքարում է իր ապրելավայրերի համար ու մնում է անկասելի։