168.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ դեռ պահպանվում է փողոցային պայքարի բառապաշարը: Անդրադառնալով վարչապետի ելույթներում հնչող հայտարարություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Ասում է՝ կոֆե են խմում գիտնականները, ինքը չի խմո՞ւմ, դրանից էլ են ուզում զրկե՞լ գիտնականներին, ֆինանսներից արդեն զրկել են: Այդ տեսակ լեքսիկոնով չպետք է խոսի երկրի ղեկավարը, անգամ  Սահակաշվիլին իրեն նման բան թույլ չէր տալիս: Սա նշանակում է, որ նա օգնականներ չունի, նրա խոսքի վրա չեն աշխատում, նա բավականին էմոցիոնալ է, խոսքում անկեղծությունն էլ ակնհայտ է, բռնկուն է, բայց ինքն իրեն պետք է տիրապետի, ինքն ի պաշտոնե դիվանագետ է, նա ուզի-չուզի՝ պետք է դիվանագիտություն խաղացնի, չի կարելի նման արտահայտություններ, ի՞նչ է նշանակում՝ պատերով տալ, ասֆալտին փռել: Դա խոսքի ոչ ադեկվատ օգտագործում է, ինքը հաշվի չի առել, որ այստեղ ինքն արդեն վարչապետ է: Երկրի ղեկավարը չպետք է վախեցնի, կա դատարան, թող դատարանը որոշի, չնայած, Աստված հեռու տանի մեր դատարաններից, բայց ամեն դեպքում, կա դատարան, որում լուծվում են հարցերը: Վարչապետը կարիք ունի լուրջ խորհրդականների»,- ասաց նա:

Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Վատիկանի պադվալներում պախկված» հայ կոռուպցիոներների վզից բռնելու են և տանեն, կանգնեցնեն դատարանների առաջ, ինչից հետո, հավանաբար հիշելով, որ եկեղեցում են գտնվում, ասել էր, որ ինքն էլ սեր է քարոզում, ինչպես Հիսուս Քրիստոսը, սակայն անգամ «Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց սեղանները, որի վրա առևտուր էին անում»: Սամվել Խուդոյանը ժխտում է այն պնդումները, թե այստեղ վարչապետն իրեն Աստծո հետ է համեմատում.

«Նա համեմատություն չարեց, ուղղակի, Հիսուսին մեջբերելով, արդարացրեց իր ասածները: Չնայած կյանքի կտրուկ փոփոխության, այդպիսի հաղթանակի  պարագայում,  նրա ինքնագնահատականը,  կարծում եմ, որոշակի բարձրացել է, մեծամտականի է հասել, այդ դիրքորոշումը կարող է կործանիչ լինել»:

Բժիշկ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր արել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության հետազոտման և բուժման համար դրամահավաք է սկսում, նշել էր, որ ինքը հարցում է ուղարկել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկա (Universitäts Klinikum Freiburg) և ստացել է պատասխան, որ հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժման արժեքը կկազմի 26.000 եվրո։ Սամվել Խուդոյանն այս հրապարակմանը լուրջ չի վերաբերվում, կարծում է՝ Մարինա Խաչատրյանը կատակ է արել:

«Ես՝ որպես 35 տարվա հոգեբան, 100 %-ով  վստահեցնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդություն չունի: Ինչ էլ թիվ է «կրակել»՝ 26.000 եվրո: Կարծում եմ՝ Մարինա Խաչատրյանը կատակ է արել, հիպերբոլիզացիայի է ենթարկել, ուշադրություն է հրավիրել, որ վարչապետի շատ արարքներ նորմայից, ընդունված մեր պատկերացումներից դուրս են:
Նիկոլ Փաշինյանն ունի բնավորության շեշտվածություն, որը մարդկանց 60-70 տոկոսն ունի: Ես անհեթեթ եմ համարում հեռահար նման ախտորոշումը, ես չեմ հավատա, որ քիչ թե շատ լուրջ հոգեբուժարանը, հոգեբույժները հեռվից հեռու ախտորոշում կանեն ու հետո էլ գումարի չափ կասեն»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել