Pet and Wildlife Rescue կենդանիների կանադական կացարանը նոր տեր է փնտրում բարի շան համար, որը ձյան մեջ որբացած կատվի ձագերի է գտել և փրկել է նրանց անխուսափելի մահից: Հերոսուհու և նրա խնամակալության տակ գտնվող ձագուկների սրտառուչ նկարով կացարանը կիսվել է Facebook-ում:

«Այսօր երեկոյան մեր թափառական գեղեցկուհին կացարանում հսկում է իր «երեխաների» անվտանգությունը»,-ասվում է նկարի մեկնաբանության մեջ:

People պարբերականը գրում է, որ փողոցային շանը ցուրտ գիշերով գտել են Օնտարիոյում: Նա ծածկել էր կատուներին՝ պաշտպանելով նրանց սառնամանիքից: Անցորդներից մեկը նկատել է կենդանիներին և նրանց կացարան է բերել:

Կացարանում շանն ու կատուներին իրարից չեն բաժանել: Երբ ձագուկներին ճիճվաթափ են արել և մաքրել տիզերից, շանը թույլ են տվել նրանց մշտապես այցելել: Հիմա «ընտանիքը» ժամանակավորապես խնամակալ ընտանիքում է ապրում: Շունն արդեն պատրաստ է նոր տերերի մոտ գնալ, իսկ կատուները դեռ պետք է մի քիչ մեծանան, որպեսզի կարողանան ինքնուրույն ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել