ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ.
«Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին:
Կյանքից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, կատարած սխրանքները, մասնագիտական կարողությունները, հիրավի, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են սերունդների համար, իսկ պատմության մեջ նրա դերն ու վաստակը` արժանի խոնարհումի:
Ես և տիկին Ռիտան ամենաջերմ ու լուսավոր հիշողություններն ունենք իմաստուն և համեստ հայուհու` Գոհար Վարդանյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու ու զինակցի, լեգենդար հերոս Գևորգ Վարդանյանի հետ մեր բազմաթիվ հանդիպումներից և անկեղծորեն ցավում ենք այս մեծ կորստի համար: Ցավակցում և զորակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին:
Ողջ կյանքի ընթացքում Վարդանյանների լեգենդար ընտանիքը մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, ապրել հարազատ ժողովրդի ուրախություններով և հոգսերով, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի կողքին, աջակցել անգնահատելի մասնագիտական խորհուրդներով:
Խոնարհվում եմ Գոհար Վարդանյանի լուսավոր հիշատակի առջև և աղոթում նրա ազնիվ հոգու հանգստության համար»,- ասված է ցավակցական ուղերձում: