Pastinfo.am-ը գրում է.

ԱԱԾ քննիչները փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակից համակարգիչները չեն առգրավվի։ Փաստաբանական համայնքին հաջողվել է հասնել նրան, որ այս մասին արձանագրություն կազմվի։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՓՊ մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ԱԱԾ քննիչը փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ցանկանում էր առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում՝ թույլ չտալու համակարգիչների առգրավումը:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Չամսարյանը տեղի ունեցածը գնահատել էր որպես միջամտություն փաստաբանական գործունեությանը եւ քննչական մարմինների կողմից փաստաբանի միջոցով տեղեկություններ կորզելու փորձ։

«ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է «Աշտարակ Կաթ» ընկերությանը։ Փաստաբանը ներկայացնում է գործով անցնող վկայի շահերը։

Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել