168.am-ը գրում է․

Վերջերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  2019 թվականին` 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից արտագաղթի միտումները նվազել են 90 տոկոսով։

Թե որքանով է սա իրատեսական, 168.am-ի  հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ դա հնարավոր է հաշվել հետևյալ կերպ՝ եթե 2016-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների բացասական սալդոն կազմել է մինուս 80.000, իսկ հիմա մինուս 8000 է, ապա դա հնարավոր է:

«Բայց քանի որ մենք այս ժամանակահատվածում ունենք սեզոնային միգրացիա, փոխվում են դրա միտումները, օրինակ՝ ՌԴ-ում հիմա շատ ծանր տնտեսական վիճակ է, որը 6 տարի դանդաղ-դանդաղ խորանում է, ուստի դեպի Ռուսաստան սեզոնային միգրացիան էականորեն նվազել է: Եվ այդ վերը նշված կրճատումը հիմնականում սրա հետ է կապված: Այստեղ նշեմ՝ այն մարդիկ, որոնք երկարատև են գնում, նրանց թիվը չի պակասել, բայց նրանք, որոնք գնում էին մարտ-ապրիլ ամիսներին և նոյեմբեր-դեկտեմբերին վերադառնում, նրանց թիվը կրճատվել է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում Միքայելյանը պնդեց՝ եթե ուսումնասիրենք միգրացիայի և մարդահամարի տվյալները և դրանք մշակենք, կտեսնենք՝ աշխարհում մոտավորապես 7-8 միլիոն հայ կա, ոչ թե 10 և ավելի միլիոն:

Հարցին, թե ի՞նչն է հետ պահում ներդրողին՝ ՀՀ-ում ներդրում կատարել, գուցե «հեղափոխություն» բառի հաճախակի  հնչեցումն անկայունության տպավորությու՞ն է թողնում, և արդյո՞ք տնտեսական հեղափոխական քայլեր արվում են, քաղաքագետը շեշտեց՝ որոշ ճիշտ քայլեր արվում են, բայց նաև արվում են որոշ սխալ քայլեր:

«Եթե սոցիալական բաղադրիչը հաշվի չառնենք, տնտեսական նորմալ քաղաքականություն է իրականացվում՝ ոչ հեղափոխական, ոչ հակահեղափոխական: Այսինքն՝ ուղղակի նորմալ տնտեսական քաղաքականություն է վարվում: Ինչ վերաբերում է ներդրումներին, եթե ՀՀ-ում բավականին բան է փոխվել, ապա արտաքին աշխարհի տեսանկյունից քիչ բան է փոխվել: Հայաստանը մնում է փոքր լեռնային երկիր, որը պատերազմում է, որտեղ տարածքը և բնակչությունը փոքր է, ուստի մեծ շուկաների հասանելիությունը քիչ է: Ի՞նչ իմաստ ունի այդ երկրում ներդրում կատարել: Ինչպես այս իմաստը չի եղել երկու տարի առաջ, այնպես էլ չկա հիմա և չի լինի մեկ տարուց»,- ընդգծեց Միքայելյանը:

Հակադարձմանը՝ եթե նվազել  է նախորդ տարիների ներդրումային ցուցանիշը, գոնե դա կարո՞ղ էր պահպանվել, քաղաքագետը պատասխանեց՝ եթե նույնիսկ Հայաստանը «Դուինգ բիզնեսի» զեկույցի ցուցանիշով առաջատար տեղ զբաղեցնի, միևնույն է՝ հարց է ծագելու, թե ինչու ներդրողը պիտի գա Հայաստան և չգնա, օրինակ, Վրաստան, որտեղ ծովային հասանելիություն կա:

«Անհատական քաղաքականություն է պետք ներդրողի նկատմամբ, ինչի գիտակցումն արդեն կա»,- ասաց քաղաքագետը:

Ներգաղթի ցուցանիշի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանը վստահեցրեց, որ 1.5 տարում ներգաղթողներ եղել են՝ պայմանավորված և՛ երկրում նոր քաղաքական իրավիճակով, և՛ սոցիալական միտումներով, որոնք արձանագրվել են նույնիսկ մինչև հեղափոխությունը:

Քաղաքագետը վստահեցնում է, որ Հայաստանը տնտեսական դրական ցիկլի մեջ է գտնվում, տնտեսությունն աճման միտումներ ունի, ինչի պատճառով 1.5 տարվա ընթացքում 4.000 հնդիկ է եկել Հայաստան, և տարիներ առաջ՝ մինչև 20.000-ի հասնող երկրից արտագաղթած հայերը:

«Եթե մենք ուսումնասիրենք միտումները, կտեսնենք, որ մայիս-հունիսից սկսած այս միտումները, որոնք ավելի վաղ էին սկսվել, ամրապնդվել են: Բայց եթե արտագաղթի վրա ազդող երկարատև գործոնները չկարողանանք փոխել, ապա այս պատկերը բացասական իմաստով կշրջվի: Օրինակ՝ եթե եկածները աշխատանք չգտան, նորից կթողնեն կգնան, այսինքն՝ եթե նրանց ոգևորեցին, որ գան, երկրորդ քայլով նրանց մնալու համար  համապատասխան գործոններ պիտի ապահովվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Եվ այս համատեքստում նա շեշտեց, որ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ կապված միջադեպն այս առումով բացասական ազդեցություն կարող է ունենալ:

«Մեկ շաբաթ առաջ նրան ՀՀ-ից արտաքսեցին, պատճառները պարզ չեն, բայց դա շատ բացասական ազդակ է բոլորի համար: Մենք միշտ խոսում ենք՝ պետք է այնպես անել, որ սփյուռքն ուզենա Հայաստան գալ, հիմա սա գուցե սիմվոլիկ, բայց շատ բացասական էֆեկտ է ունենալու: Այսինքն՝ պետք է ստեղծել այն միջավայրը, որ մարդը պահանջված է, կարող է արարել, և, որ այն  բաց է բոլորի համար: Եվ հիմա այս առումով որոշակի խնդիրներ ունենք մենք»,- ընդգծեց Հրանտ Միքայելյանը՝ կրկնելով, որ սա վնասելու է ՀՀ-ի գրավչությանը Սփյուռքից ներգաղթի տեսանկյունից, և, որ այն  ազդելու է հոգեբանական մթնոլորտի վրա, քանի որ առանց հստակ պատճառի մարդուն արտաքսել են:

Լրացմանը՝  ԱԱԾ-ն հայտարարել է, որ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ «Օտարերկրացիների մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ»» ենթակետի համաձայն։

Ըստ այդմ` օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Պարզաբանմանն ի պատասխան՝ քաղաքագետն առաջարկեց. «Եթե վտանգ են տեսնում, թող բանտ նստեցնեն՝ օրինակ: Սա ավելի ճիշտ կլիներ: Եթե մենք ուզում ենք ներգաղթ ապահովել, պետք է ուսումնասիրենք Իսրայելի օրինակը. այնտեղ կարող են բանտ նստեցնել, բայց ոչ երբեք՝ արտաքսել, ուստի, երբ անգամ ինչ-որ օլիգարխ երկրում հանցագործություն է կատարում, նա գիտի, որ արտաքսման առումով պաշտպանված է: Եթե Սփյուռքի ներկայացուցիչը ՀՀ-ում ամբողջությամբ պաշտպանված չէ, ապա այստեղ մենք չենք ստեղծում նպաստավոր հոգեբանական կլիմա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել