Յուրաքանչյուր երկրում նորաձևության չափորոշիչները կարող են տարբեր լինել, և հենց այդ չափորոշիչներով պայմանավորված էլ` կանայք ձգտում են ավելի անթերի դարձնել իրենց մարմինը՝ դիմելով տարատեսակ վիրահատական միջամտությունների։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ, թե հատկապես պլաստիկ ո՞ր վիրահատություններն են նորաձև առանձին երկրներում:

Հնդկաստան, ոտքերի երկարեցում

Նորաձևությունը միշտ թելադրում է իր կանոնները: Այդ կաննոների զոհն են դառնում Հնդկաստանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր, վարակվելով երկար ոտքեր ունենալու գաղափարով, ամենաշատը դիմում են հենց ոտքերի երկարեցման վիրահատությունների: Այդ վիրահատությունները չափազանց բարդ են: Ոսկորները կոտրում են մի քանի տեղից ու հետո բժշկի երկար վերահսկողությամբ նրանք նորից աճում ու ավելի երկար են դառնում: Վիրահատությունը պահանջում է անկողնային երկար ռեժիմ ու մեծ ջանքեր:

Անասելի ցավի ու տանջանքների գնով աղջիկները կարողանում են հասնել իրենց ուզածին ու ավելի երկար ոտքեր ունենալ, քանի որ հնդկուհիների մեծամասնությունն առաձնանում է հենց կարճ ոտքերով։

Կորեա, նոր դեմք

Կորեայում դեմքի պլաստիկ վիրահատությունները վաղուց օրինաչափ ու սովորական են դարձել: Ըստ վիճակագրության՝ կորեացիների 20%-ը գոնե մեկ անգամ վիրահատել է դեմքը: Վիրաբույժները փոխում են նրանց աչքերի սրությունը, դեմքի օվալն ու քթի ձևը:

Հետաքրքրական է, որ այս երկրում հատկապես աչքերի ձևը փոխելն այնքան կարևոր է, որ 18-ը լրանալուն պես ծնողները կարող են մեծ նվեր անել իրենց դստերն ու նրան նվիրել պլաստիկ վիրահատություն անելու հնարավորություն՝ հոգալով հնարավոր բոլոր ծախսերը, ու սա ամենալավ նվերը կլինի դստեր համար։ 

Բրազիլիա, անթերի մարմին

Բրազիլիայում կանայք ավելի շատ մտածում են անթերի մարմին, քան թե անթերի դեմք ունենալու մասին: Այստեղ իշխում են կրծքերի, փորի վիրահատություններն ու մարմնի կորեկցիան: Վիրահատությունների դիմում են հիմնականում պարուհիները:

Բրազիլուհիների համար, առհասարակ, անասելի կարևոր է անթերի մարմին ունենալը, որը պայմանավորված է նաև նրանով, որ նրանք պաշտում են լողափերին հպարտանալ իրենց մարմնով՝ կրելով տարբերվող լողազգեստներ։ Նրանցից շատերը մարմնի կազմվածքի ցանկալի արդյունքին չի կարողանում հասնել միայն մարզասրահներ այցելելու միջոցով, այդ իսկ պատճառով որոշում է դիմել վիրահատությունների՝ ապացուցելով, որ ինքը, միևնույն է, հետ չի մնա գործող չափորոշիչներից։ 

Չինաստան, մաշկի սպիտակեցում

Չինաստանում ևս տարածված են դեմքի վիրահատությունները, որոնք հիմնականում պայմանավորված են նրանով, որ չինացիներին կոչում են «դեղնամորթներ», ինչը հաճախ դուր չի գալիս տեղի աղջիկներին: Սրանով է պայմանավորված, որ այստեղ կա մի առանձնահատկություն․ չինացիները հատկապես մտահոգված են մաշկի սպիտակեցմամբ, և այստեղ շատ են հենց դեմքի սպիտակեցմանն ուղղված վիրահատությունները:

Դրանք ևս անցավ չեն ընթանում, բայց բնակչության թվով առաջին հորիզոնականում գտնվող այս պետության բնակիչները պատրաստ են անցնել տարատեսակ փորձությունների միջով, միայն թե համոզվեն, որ վերջում իրենք գերազանցելու են բոլորին իրենց գեղեցիկ ու անթերի մաշկով։ Ինչ-որ չափով տարածված են նաև աչքերի վիրահատությունները, որոնց տարածումն էլ, իհարկե, պայմանավորված է բնակիչների աչքի առանձնահատուկ կառուցվածքով։ 

Հայաստան, քթի վիրահատություն

Այն, որ մեր երկրում ամենատարածվածը հենց քթի վիրահատությունն է, գիտեն բոլորը։ Այսօր մեր երկրում գրեթե յուրաքանչյուր հայուհի իր կյանքում գոնե մեկ անգամ մտածել է քթի ձևը փոխելու մասին, ու սրանով է հենց պայմանավորված այն, որ քթի վիրահատությամբ առանձնացող աղջիկների թիվն օր օրի աճում է մեր երկրում։ Երկրորդ հորիզոնականում, ըստ վիճակագրության, գտնվում է կրծքի վիրահատությունը, սակայն այն իր թվով չի կարող համեմատվել քթի վիրահատության հետ։ 

Քթի վիրահատության գինը մեր երկրում տատանվում է 1000-1500 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Քթի վիրահատության ոլորտում մեր մասնագետների որակավորումն այնքան է աճել, որ մեզ այցելում են նաև տարբեր երկրներից ավելի անվտանգ ու անցավ քթի վիրահատություն անելու նպատակով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել