Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ պետությունների իշխանությունները պետք է անհետաձգելի կարգով պայմաններ ստեղծեն դպրոցականների ֆիզիկական ակտիվության բարձրացման համար: Նոյեմբերի 21-ին Lancet Child & Adolescent Health հանդեսում հրապարակված հոդվածում ԱՀԿ-ի փորձագետներն արձանագրել են, որ դեռահասների ավելի քան 80 տոկոսն անբավարար շարժուն կենսակերպ է վարում, եւ դա բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա։
Ակտիվությունը գնահատելիս հաշվի են առնվել, մասնավորապես, ժամանցը եւ սպորտը, տան աշխատանքները, խաղերը, քայլքը, հեծանիվ վարելը, ֆիզկուլտուրայի պարապմունքները: Ընդգծվում է, որ այդ խնդի լուծման համար «պահանջվում են անհետաձգելի միջոցներ»: Ինչպես հետեւում է հրապարակումից, որը հիմնված է 11-ից մինչեւ 17 տարեկան 1,6 միլիոն դպրոցականների հարցման վրա, «աշխարհում դպրոց հաճախող դեռահասների ավելի քան 80 տոկոսը՝ աղջիկների 85 տոկոսը եւ տղաների 78 տոկոսը, գտնվում է հանձնարարելի մակարդակից ցածր վիճակում», մակարդակ, որը կազմում է օրական առնվազն մեկ ժամ չափավոր կամ ինտենսիվ ծանրաբեռնություն: Ըստ որում սոցիոլոգիական հետազոտությունը բացահայտել է, որ աղջիկները նվազ շարժուն կենսակերպ են վարում այն 146 երկրներից 142-ում, որտեղ կատարվել է հարցումը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: