Pastinfo.am-ը գրում է․

«Եթե որեւէ չկարգավորված քաղաքական հարց մնաց, օրինակ, սահմանների հարցը, որովհետեւ երկու պետությունները ՝ Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանը պետք է միմյանց ճանաչեն, մարդասիրական խնդիրներին անդրադարձ չի կարող լինել։ Առանց դրա, ո՞ւր են վերադառնալու»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով փախստականների հնարավոր վերադարձի մասին ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դեմ չենք, որ փախստականների հարցը կարգավորվի, մենք երբեւիցե դեմ չենք եղել, որ մարդիկ վերադառնան իրենց տները, բայց, նախ եւ առաջ, որպեսզի մենք հասնենք այդ խնդրին, իսկ այդ խնդիրը մարդասիրական հարթությունում է գտնվում, 2 կարեւորագույն հիմք է պետք. Նախ պետք է կարգավորվեն անխտիր բոլոր քաղաքական հարցերը եւ երկրորդ՝ փախստականների եւ այդ կատեգորիաների անձանց վերադարձը պետք է լինի բացառապես հավասարության սկզբունքի վրա»,-պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակեցրեց նա։

Նշենք, որ ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւանում արած հայտարարությունը այն մասին, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որեւէ համաձայնություն չի կարող կայանալ եւ պատասխանելով հարցին, թե արդյո՞ ք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ ասելով նկատի է առնվում ադրբեջանական բնակչությանը, հայտարարել է. «Առանց բոլոր շահագրգիռ կողմերի հակամարտության լուծում հնարավոր չէ։ Պետք է հաշվի առնել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կարծիքը։ Չէ՞ որ համաձայն Հիմնական սկզբունքների բոլոր տարբերակների` փախստականներն ու ներքին տեղահանվածները հնարավորություն կստանան վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր և, հետևաբար, մասնակցություն ունենալ իրենց ապագա ճակատագրի որոշմանը։ Երբ եւ ինչպես պետք է այդ իրավունքն իրագործվի, պետք է կողմերը որոշեն »։

Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Ավանդական բրիֆինգի ժամանակ նա հայտարարել է. «ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ենթադրի բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձը՝ իրենց բնակության նախկին վայրեր»։ Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք «Ղարաբաղի հայերի հետ հավասար ադրբեջանական ներքին տեղահանվածների մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին», Զախարովան արձագանքել է՝ նշելով, որ բանակցային ձեւաչափի հարցը պետք է ուղղված լինի կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն գործընթացի մասնակիցների կազմը։

Ինչ վերաբերում է հավասարության սկզբունքին , Արցախի նախագահի մամլո քարտուղարը շեշտեց. «Մենք ունենք մոտ 700 հազար հայ, ովքեր լքել են նախկին Ադրբեջանի տարբեր բնակավայրերը ։ Միայն 350 հազարից ավելի մարդ ապրում էր Բաքվում։ Այդ մարդիկ չպե՞տք է վերադառնան, նրանք էլ պետք է վերադառնան եւ եթե այդ 2 սկզբունքներից որեւէ մեկը խախտվում է ՝ հնարավոր չէ այդ գործընթացն առաջ տանել»։

Դավիթ Բաբայանը նաեւ ընդգծեց Հյուսիսային Արցախի խնդիրը՝ շեշտելով, որ ունենք հարյուր հազարավոր տեղահանվածներ ՝ սկսած Գետաշենից, Չարդախլուից, Շամխորից, Գանձակից։ «Այս ամենը պետք է լուծվի մեկ փաթեթով։ Չի կարող լինել այնպես, որ այստեղ մենք խտրականություն ցուցաբերենք եւ միայն ադրբեջանական փախստականների մասին խոսենք՝ անտեսելով հայ փախստականներին։ Պաշտոնական Ստեփանակերտը միշտ դա ասում է»։

Դավիթ Բաբայանն անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար եւ ակնկալիքին՝ նմանատիպ հայտարարություն լսել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից։ Բաբայանի խոսքով, պաշտոնական Ստեփանակերտը ժամանակին այն գաղափար է առաջ տարել, որ համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է, որ ժողովուրդների միջեւ խաղաղություն հաստատվի, որ պատմական հաշտեցում տեղի ունենա. «Սա բավականին երկար գործընթաց է, ժողովուրդները պետք է ներեն միմյանց, այնպես ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ` ռուսների եւ գերմանացիների, ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ։ Քանի դեռ դա չկա, միշտ լինելու է հիմք հակամարտության համար,իսկ դա առաջին հերթին Ադրբեջանի իշխանություններից եւ ժողովրդից է համապատասխան քայլեր պահանջում։ Եթե մի երկրում պետականորեն ֆաշիզմ է քարոզվում , եթե նախագահը պարգեւատրում է մարդասպաններին եւ մոլագարներին, մենք չեն կարող որեւէ բան սպասել։ Այդ հաշտության համար երկար ժամանակ է հարկավոր»։
Արցախի նախագահի մամլո քարտուղարն արձանագրեց, որ այս փուլում Բաքվից որեւէ քայլ Ստեփանակերտում չեն ակնկալում։ «Այդպիսին է իրավիճակը եւ մենք չպետք է կտրվենք իրականությունից»,-եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել