Կիմ Ունգ Յոնգը հանճարեղ կորեացի է, ում անունը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես մոլորակի ամենախելացի մարդու անուն։ Նրա ինտելեկտի գործակիցը 210 է, իսկ 140 և ավելի IQ ունեցող մարդիկ արդեն իսկ համարվում են հանճարներ։

Կիմ Ունգ Յոնգը ծնվել է 1962 թ. մարտին։ Նա մեծանում ու զարգանում էր ոչ տարիներով։ Արդեն կես տարեկանում նա սկսել է խոսել, իսկ երեք տարեկանում՝ արտահայտվել կորեերենով, ճապոներենով, գերմաներենով, անգլերենով, պորտուգալերենով։ Նոր լեզվի տիրապետելու համար նրան անհրաժեշտ էր լինում ընդամենը մեկ ամիս ժամանակ։ Սակայն Կիմ Ունգ Յոնգն առանձնանում էր ոչ միայն իր լեզվական ունակություններով, այլև մաթեմատիկական։ 5 տարեկանում նա կարողանում էր լուծել բարդ դիֆերենցիալ հավասարումներ։ Բացի դրանից՝ Կիմ Ունգ Յոնգը գրում էր բանաստեղծություններ և լավ նկարում էր։

8 տարեկանում Կիմ Ունգ Յոնգին շնորհեցին ՆԱՍԱ-ի կրթաթոշակ, և նա տեղափոխվեց ԱՄՆ։ 15 տարեկանում, ավարտելով Կոլորադոյի համալսարանը՝ կորեացի տղան ստացավ ֆիզիկայի դոկտորի գիտական աստիճան և սկսեց զբաղվել գիտական գործունեությամբ։

1978 թ., որոշելով ֆիզիկան փոխարինել քաղաքաշինությամբ, Կիմ Ունգ Յոնգը վերադարձավ Կորեա, որտեղ էլ ստացավ դոկտորական երկրորդ աստիճանը։ 2007 թվականից ի վեր նա դասավանդում է տեղի շրջանային համալսարաններից մեկում և շարունակում է զբաղվել գիտությամբ։ Այսօրվա դրությամբ Կիմ Ունգ Յոնգը հրատարակել է ավելի քան 90 գիտական հոդված։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել