Lragir.am-ը գրում է.

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հասարակական կազմակերպությունների համոզմամբ իր մեջ պարունակում է որոշակի թերություններ, որոնցից ակնհայտներից մեկն առնչվում է հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքներին:

«Օրենքի հոդվածներից մեկը սահմանում է, թե ովքեր են ճանաչվում զբաղված մարդիկ, եւ ենթադրվում էր, որ հաշվի կառնվեն հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպությունների առաջարկները: Նրանք երկար տարիներ ասում են, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամքով զբաղվող մարդիկ ստանան զբաղվածության կարգավիճակ եւ աշխատավարձ, որը շատ ավելի քիչ ծախսատար կլինի պետության համար, քան եթե հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց տեղավորեն պետական հատուկ հաստատություններում, որ նրանց խնամատարը կարողանա աշխատել»,- lragir.am –ին ասում է «Արազա» ՀԿ ղեկավար Թամարա Աբրահամյանը:

Հաշմանդամության առաջին կարգ ունեցող մարդիկ համարվում են ոչ աշխատունակ եւ դրա համար գործատուները նրանց աշխատանքով չեն ապահովում, այն դեպքում, երբ օրինակ սայլակավոր մարդիկ կարող են ունենալ հզոր մտավոր պոտենցիալ եւ փող վաստակեն իրենց ինտելեկտով:

«Սրանք խնդիրներ են, որոնք պետք է կարգավորվեն բոլոր օրենքներով, որոնցից մեկն էլ հենց «Զբաղվածության մասին» օրենքի նոր նախագիծն է, որտեղ պետք է պարտադիր ներառվեն այս երկու կետերը, որ հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները պաշտպավեն եւ հակառակի դեպքում նշանակվեն խոշոր տուգանքներ»,- առաջարկում է Աբրահամյանը:

Օրենքը նախատեսում է լուծել թափուր աշխատատեղերի խնդիրը, գյուղացիների զբաղվածության հարցը եւ այլ խնդիրներ, որոնք լուծելու համար առաջին հերթին պետք է պետական կամք:

Հիշեցնենք, որ ներկայիս օրենքերի համաձայն, հողատարածք ունեցող ու մշակող գյուղացին աշխատանք չունենալու պարագայում չի համարվում գործազուրկ եւ դրա համար չի օգտվում պետության կողմից տրվող չնչին առավելություններից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել