Times.am-ը գրում է.
- Ուզում ենք զրույցը սկսել վերջին ուրախալի իրադարձությունից, որի առիթով էլ եկել ես հայրենիք. կայացավ Գաբրիել Սարգսյանի հարսանիքը: Ինչպե՞ս անցավ, ի՞նչ տպավորություններ ստացար հարսանիքից:
- Շատ լավ էր, բոլորս շատ ուրախ էինք Գաբիի, նրա ընտրյալի եւ նրանց ընտանիքների համար: Նաեւ զգացված էինք, որ երկրի նախագահը նորապսակների քավորն էր:
- Ընկերուհիդ ֆիլիպինուհի Արիանե Կաոիլին, նույնպես ներկա էր հարսանիքին, նրա տպավորություններն ինչպիսի՞ն են:
- Սա առաջին հայկական հարսանիքը չէ, որին ներկա էինք միասին. շատ ենք գնացել: Նա ընդհանրապես շատ է սիրում հայկական ադաթները, խոհանոցը, երաժշտությունը: Ամոթ է, բայց պիտի ասեմ, որ ինձնից լավ գիտի հայոց պատմությունը:
- Այնպես է ստացվում, որ հավաքականի միակ եւ վերջին ամուրին ես, այդ կապակցությամբ ի՞նչ ես մտածում, ծրագրեր չունես:
- (Ժպտում է - Ժ.Պ.) Ժամանակը ցույց կտա:
- Այժմ խոսենք մոտակա ելույթներիցդ: Շուտով օգոստոսին, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մասնակցելու ես աշխարհի գավաթին, որի խաղերն անցնում են նոկաուտ համակարգով: Տեղյակ ենք, որ հաղթանակն այս մրցաշարում քեզ համար այնքան նշանակություն չունի, որքան մասնակցությունը, որը քեզ ուղեգիր է տալիս դեպի 2014-ի մարտին անցկացվելիք հավակնորդների մրցաշարը: Այնուամենայնիվ, դու մասնակցում ես այս մրցաշարին, որովհետեւ պարտավո՞ր ես, թե՞ կփորձես երկրորդ անգամ նվաճել գավաթը:
- Արդեն ինձ մոտ այնպես է ստացվում, որ երբ նստում եմ շախմատային քարերի առջեւ, կարծես պարտականություն ունեմ լավ խաղալու: Նույնիսկ երբ խաղում եմ շախմատով չզբաղվող իմ ընկերների, բարեկամների հետ, չեմ կարողանում թույլ խաղալ: Այս մրցաշարում կփորձեմ լավագույն խաղս ցույց տալ:
- Սեպտեմբերին մասնակցելու ես Սինկֆիլդի գավաթին ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում, որտեղ չորս ուժեղագույն շախմատիստներով խաղարկելու եք 170 հազար դոլարի մրցանակային հիմնադրամը: Ի՞նչ հույսեր ունես այս մրցաշարի հետ կապված, ի՞նչ ես մտածում քո եւ Կարլսենի խաղի մասին այս գավաթի շրջանակներում:
- Ցանկալի է, որ իմ եւ Կարլսենի վարկանիշների տարբերությունը կրճատվի, բայց դրան, բնական է, մեկ մրցաշարով հասնելն անհնար է: Հույս ունեմ, որ լավ կխաղամ եւ կհաղթեմ նրան: Մյուս երկու մասնակիցները ամերիկացիներ Նակամուրան եւ Կամսկին, շատ մարտական խաղացողներ են, միշտ փորձում են խաղի ժամանակ ճնշում գործադրել, կարծում եմ նրանք էլ կարող են հույս ունենալ հաղթելու: Այս մրցաշարում ինձ մոտ գումարը որեւէ հետաքրքրություն չի առաջացնում, քանի որ ապահովված մարդ եմ: Կարեւորությունն այստեղ կայանում է հենց երկրում. ԱՄՆ-ն մի մեծ շուկա է, եւ ես ամեն ինչ պետք է անեմ, որ ինձ լավ դրսեւորեմ ոչ միայն խաղատախտակի առջեւ, այլեւ լրագրողների մոտ եւ բոլոր նրանց, ովքեր գալու են այդ մրցաշարին:
- Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Հայաստանի հավաքականի կազմում հանդես ես գալու Եվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններում: Ի՞նչ սպասելիքներ ունես դրանց հետ կապված, առավել եւս, որ այսօրվա դրությամբ Հայաստանի թիմը աշխարհի գործող չեմպիոնն է:
- Սպասելիքները մեզանում միշտ նույնն են հաղթող դառնալ: Երկար տարիներ մեր թիմն ապացուցում է, որ մեզ համար անհնարին բան չկա: Եվրոպայի առաջնությունում պետք է վերհիշենք 1999 թվականի հաղթանակը, եւ այժմյան գործող չեմպիոն Գերմանիայի հետ խաղալիս գիտակցենք, որ իր տեղը մենք պիտի լինենք: Իսկ աշխարհի առաջնությունում պետք է պաշտպանենք մեր տիտղոսը: Այն Թուրքիայում է անցկացվելու, իսկ մենք Թուրքիայում, որպես կանոն, ավելի լավ ենք խաղում:
- Լեւոն Արոնյան շախմատիստի համար ո՞ր մրցումներն են նախընտրելի անհատական, թե՞ թիմային:
- Թիմային խաղերը: Դրանք ավելի հեշտ են, որովհետեւ ընկերներով ավելի հաճելի է:
- Մինչեւ մարտ հավակնորդների մրցաշարը, ի՞նչ այլ մրցումներ ունես:
- Դեռ պաշտոնական չէ, բայց փետրվարին երեւի կմասնակցեմ Ցյուրիխի մրցաշարին: Իսկ հունվարին անցկացվելիք Վեյկ-ան-Զեեի մրցաշարից դեռ նորություններ չունեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ