ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։

Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին դեղատունը և հայտնաբերեցին 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։ Վերջինս ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել