«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում մի դրվագ կա, որտեղ հեռուստատեսությունում աշխատող Ռուդոլֆն ասում է․ «Ապագան հեռուստատեսությանն է։ 20 տարի հետո չեն լինի ո՛չ թերթեր, ո՛չ թատրոն, ո՛չ կինո, միայն հեռուստատեսություն»: Տարիներ անց, չնայած համացանցի մասսայականացմանը, հեռուստատեսությունը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ մեր կյանքում։ Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվել 1956թ.-ին, առաջին գունավոր հաղորդումը՝ 1971թ.-ին: Այս տարիների ընթացքում հեռուստաթերը կատարելագործվել է, թեև մշտապես անհրաժեշտություն կա հանրօգուտ նոր հաղորդումների։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ծառայում է և՛ հեռուստադիտողին, և՛ հեռուստատեսությանը։ Մեր ուշադրության կենտրոնում են բոլոր հեռուստաընկերությունները, հատկապես՝ հանրային միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռւստաընկերությունը։ Մեր խնդիրն է հետևել, որպեսզի հեռուստատեսությամբ մատուցվող իրադարձությունները լինեն անաչառ ու անկողմնակալ։ Խոսքի ազատության սահմանափակման ցանկացած դրսևորում արժանանալու է մեր կոշտ գնահատականին։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին տոնի առթիվ, մաղթում, որ խոչընդոտները քիչ լինեն, իսկ դրանց հաղթահարման ճանապարհին լրագրողական սկզբունքները վեր լինեն պարտադրանքներից։
Հիշեցնենք, Հեռուստատեսության օրը նշվում է 1996 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։