Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Կայծ, Հայաստան-ԵՄ ասոցացման hամաձայնագրի նախաստորագրումը նախատեսվում է աշնանը, բացի այդ, Մաքսային միության անդամակցության հարց կա`Ռուսաստանի կողմից ճնշումներով շաղկապված: Եվ-եվ-ի տարբերակը կարծես բացառվում է:
Չպետք է մտահոգվել, քանի որ պատմությունը մեզ վարժեցրել է այսպիսի որոշումներ ընդունելուն. կամ դեպի Եվրոպա, կամ դեպի Արևելք, կամ դեպի Արևմուտք, կամ դեպի Ռուսաստան, այսինքն` մենք այս փորձառությունն ունենք: Բայց գլխավոր հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Խնդիրը հետևյալ կերպ է դրվում` կամ անվտանգությունն է կարևոր, կամ տնտեսական զարգացումը, և եթե ապահովությունն է կարևոր, ուրեմն պետք է լավ լինենք Ռուսաստանի հետ, քանի որ Եվրոպան` իբրև օրգանիզմ, մեզ որևէ ապահով ուղղություն ցույց չի տալիս: Մենք տեսանք, որ որ ռուս-վրացական պատերազմի վերջում էլ Արևմուտքը ոչինչ չարեց Վրաստանի օգտին: Ուրեմն կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները և ժողովուրդը իրենք որոշեն` ինչ են ուզում: Ժողովուրդը ըստ էության երկու ընտրության առաջ է կանգնած`զարգացո՞ւմն է կարևոր, թե՞ ապահովությունը: Օրերս ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պետք է վերանայեն ազգայի ապահովության վարդապետությունը` ի նկատի ունենալով, որ Եվրոպան ավելի մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանի, հետևաբար նաև Հայաստանի համար:
Այս առումով, Հայաստանի իշխանությունները պետք է կոնկրետ հարցեր ուղղեն ռուսներին և եվրոպացիներին`օրինակ, ռուսներին պետք է հարցնել`մեր անկախությունը որքանո՞վ ենք կորցնում Մաքսային միության մեջ մտնելով, արդյոք Ղարաբաղը կմտնի նրա մեջ, թե ոչ, թե հարձակվեն Արցախի վրա, ո՞վ պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունը… Ռուսները հրապարակավ պետք է պատասխաններ տան, մյուս կողմից, հայերը պետք է եվրոպացիներին հարցնեն` եթե ստորագրենք Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը, և եթե մենք մեր անկախությունը կորցնելու վտանգի առաջ կանգնեն, դուք կապահովե՞ք մեր անկախությունը: Այս պահին թե Եվրոպայի, թե Ռուաստանի կողմից երկկողմանի տեղեկատվության պակաս ունենք, իբրև երկխոսություն: Մինչև եվրոպացիները և ռուսները ավելի հայտարարություններ և բացատրություններ չանեն, ուրեմն ավելորդ է սպասել որևէ լուրջ քայլ Հայաստանից, բացի եվ-եվ-ի տարբերակից:
Պետք է ավելի կարևորություն տան վտանգներին. չի կարելի ասել, որ բարեփոխությունները լավ ընթացքի մեջ են, կամ որ Ռուսաստանը ապահով դաշնակից է, մանավանդ այն դեպքում, երբ ռուսները մեկ միլիարդ դոլարով զենք են վաճառում Ադրբեջանին, պարզ է, որ վստահության խնդիր կա:
Արտաքին զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան ներքաղաքական զարգացումների վրա: Այս օրերին քննարկվում է ՎՊ-ի հաշվետվությունը, օֆշորային սկանդալը և այլն:
21- րդ դարում` գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, այլևս չկան արտաքին և ներքին խնդիրներ, կան խնդիրներ: Եվ ինչ պատահում է ներքին կյանքում, անպայմանորեն ազդեցություն կունենա արտաքին բեմի վրա, և այսօր ամբողջ աշխարհում ինչ կատարվում է արտաքին բեմի վրա, ազդեցություն է ունենում ներքին կյանքում: Սա պետք է հստակ լինի բոլոր պետությունների համար, այլևս հասարակություններն ավելի աշխույժ են և ուզում են մասնակից լինել բոլոր որոշումներին, ամբողջ աշխարհում` ԱՄՆ, Ֆրանիսա, Գերմանիա, Եգիպտոս և այլն, հասարակություններն ավելի բուռն են արձագանքում: Թեև շատ տեղեկություններ չունեմ օֆշորի հարցում, բայց կարող եմ միանշանակ ասել, որ սա թե արտաքին, թե ներքին հարց է, արտաքին ասելով` ի նկատի ունեմ արդյոք վարչապետն իրավունք ունի ունենալ այդպիսի հաշիվ օֆշորում, և ներքին առումով սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, բայց սա ոչ թե իմ, այլ իշխանությունների գործն է, նրանք պետք է որոշեն:
ՎՊ հաշվետվության շուրջ զարգացումներն, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված:
Երբ Հայաստանն ավելի ժողովրդավարանա, ինքնաբերաբար հաստատությունների միջև պետք է խնդիրներ ծագեն, համակարգը կհզորանա և ամեն ինչ բացեիբաց կլինի: Պետք է վարժվել, որ պետք է լինեն նման խնդիրներ, և ինձ համար մտահոգիչ բան այստեղ չկա:
Սա ավելի հաշվետո՞ւ է դարձնում իշխանություններին, Սերժ Սարգսյանը կկարողանա՞ կամք դրսևորել փոփոխություններ իրականացնելու համար:
Սերժ Սարգսյանը երկու տարի ի վեր այնքան ասաց վստահենք, որ փոխենք, փոխենք, որ վստահենք, այլևս նա ճնշման տակ է: Ժողովուրդն ուզում է իրեն հավատալ, բայց ինքը դա պետք է փաստերով ցույց տա, այսինքն` եթե նա իսկապես ասում է հավատանք, որ փոխենք, նշանակում է ինքը կոնկրետ քայլեր պետք է անի պարզելու թե օֆշորի, թե ՎՊ հաշվետվությունը: Սա նշանակում է, որ եթե Հայաստանը իսկապես ուզում է լավ աշակերտ լինել եվրոպական, արևմտյան ծրագրերի մեջ, պետք է բարեփոխումներ անեն դեպի ժողովրդավարություն, և իբրև պատասխան այդ խնդիրները կնշվեն, բայց սա կնշանակի, որ Հայաստանի նախագահի վրա բնական ճնշումներ կան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ