Բոլոր ժամանակների թերևս ամենահուզիչ «Մայրիկ» ֆիլմն անհնար է դիտել առանց աչքերը թրջելու։ Ազատն ու իր զարմանալի ընտանիքը ցույց են տալիս հայ ճակատագիրն ու նրա պատմության ամենացավոտ էջերը։ Առաջարկում ենք վերհիշել այս հանճարեղ ֆիլմի 18 մտքեր, որոնք անհնար է կարդալ առանց փշաքաղվելու ու հուզվելու։ 

1. Զարմանալի բան է հիշողությունը. տարիներ շարունակ գործում է ուղեղի խորքում և պահպանում է այն, ինչ հաճելի է իրեն:

2. Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում։ Ինչ-որ բառեր ենք ասում ինքներս մեզ, բառերը դառնում են բովանդակություն, և մենք ականատես ենք լինում մեր ներքին փոքրիկ թատրոնին, հետո դժբախտությունն օգնության է գալիս, արցունքները հոսում են, պարփակվում ենք այդ վշտի մեջ, մեծացնում և տարվում նրանով։

3. Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ մենք այդքան սիրել ենք իրար, երբեք չենք ասել, թե սիրում ենք: 

4. Արդեն գիտեմ, որ այլևս ոչ ոք ինձ չի զգուշացնելու գիշերային զովից, ոչ ոք այլևս ինձ չի մեկնելու այն չնչին բրդյա հագուստը, որ այնքան բարկացնում էր ինձ… Եվ ահա խղճի խայթ եմ զգում նրա չափազանց անհանգստության դեմ իմ բարկության համար:

5. Այսօր ես ամաչում եմ այն օրվա իմ ամաչելու համար:

6. Բացակայությունը երբեք մոռացման պատճառ չդարձավ:

7. Ամուսնանալով կնոջ հետ՝ տղամարդը կարծես որոշ չափով ամուսնանում էր նաև նրա ընտանիքի հետ:

8. Սիրո այս դարբնոցում ես սովորեցի իմը համարել այն անձկությունը, որ ունենում էր մյուսը։ Ես սովորեցի ցավ զգալ (ֆիզիկական ցավ), ինչ նույն պահին զգում էր մյուսը։

9. Մեր ընտանիքում հինգ հոգի էինք, և ուսյալ բժիշկները երբեք չիմացան, թե մեզ խնամում են շատ էժան գնով, որովհետև բուժելով մեզնից որևէ մեկին` միանգամից բուժում էին հինգ մարդու` ընդամենը ստանալով մի հոգու վճար։

10. Անմիջական գործողությունների ժամանակ լավ դաստիարակությունը կամ ազնվությունը ոչ մի դեր չունի: Այստեղ հրամայողը սիրտն է, միմիայն սիրտը:

11. Մանկություն՝ մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն՝ աճող ձգտումներով, որոնք կեղեքում են քեզ ու մի երեկո առաջնորդում սիրելիներիդ հոգեվարքին, որոնց ծերանալը չես նկատել, մինչդեռ նրանց ամեն մի սպիտակած մազը կանխագուշակում է մի գարունքի գերեզման:

12. Մայրիկը մեռնում էր… այնպես, ինչպես ապրել էր, զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մեն-մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, որ մարդը մեռնում է մենակ: Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում մայրիկիս ութսունյոթ տարեկան լինելու հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից, և հարազատներին նվիրված տաքուկ ու հավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում․ ահա թե ինչն էր կարևորը:

13. Հարատև սերը ընդունելն այնքան հաճելի է, իսկ կրելը` ծանր:

14. Կան վստահության անմեկնելի վայրկյաններ` չգիտակցված, չտրամաբանված, երբ կարող ես նայվածքի մեջ կարդալ վստահություն, անկեղծություն ու հավատարմություն:

15. Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան:

16. Կան զայրույթով լի ձայներ, թեև հազիվ լսելի, որոնք ավելի շատ ներքին կատաղություն են բացահայտում, քան աշխարհի բոլոր ոռնոցները միասին:

17. Բոլոր միակները ստեղծում են միայնակությունը:

18. Երբ սիրո մեծ հանրագիտարանում սպառված լինեն սիրո համար հավերժական երդումներն ու կայծակնահար սրտերը, երբ սիրային պատմությունների մեջ  գովերգված կլինեն միայն նրա գերագույն պահի սքանչելի սկիզբը, որը վերսկսելու ցանկություն է առաջացնում, երբ ամեն ինչ ասված կլինի իշխանների կամ այս աշխարհի մեծագույն գայթակղիչների սերերի մասին, երբ, ի վերջո, մարդկային հիշողության մեջ բանաստեղծներն ու երաժիշտները մետաքսյա սանդուղքի վրա անմահացրած կլինեն Ռոմեոներին կամ Տրիստաններին, որոնք հիանալի մեռնել գիտեն ոսկեհեր Իզոլդաների համար, սիրո հերոսների այդ վիթխարի համաշխարհային հանրագիտարանում ի՞նչ է պատմվելու ծառին հենված այս մարդու Գողգոթայի մասին:

Այս կռացած մարդուց կմնա լոկ մի անցյալ`զավակի հիշողության մեջ, որը իր հերթին զուր չի կորցնի ժամանակը: Եվ այդ անծանոթ հոր շիրմին... մի անուն` ջնջված վայրի խոտերից ու ժամանակի բորբոսից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել