Pastinfo.am-ը գրում է.

ԵՊՀ ուսանողներն այսօր նամակ են հանձնել մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և գիտական խորհրդի անդամներին։

Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ-ում տեղի ունեցող դասադուլի կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթից ավելի է, ինչ ԵՊՀ ուսանողները դասադուլ են իրականացնում։

«Նամակում նշել ենք, որ ակնկալում ենք ստանալ նրանց դիրքորոշումներն այս ակցիայի հետ կապված և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ԵՊՀ պրոֆեսորադասխոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ մեղմ ասած ոչ պատշաճ պահվածքի հետ կապված։ Ուզում ենք իմանալ՝ ինչ դիրքորոշումներ ունեն»,-ասաց Գյուլումյանը։

Նա հայտնեց, որ ուսանողները 3 օրով դադարեցրել են դասադուլները և հիմա քննարկումների, հանդիպումների փուլում են։
«Նախաձեռնություն ենք ստեղծում, որի շրջանակներում պայքարը կշարունակվի։ Բովանդակային որոշակի փոփոխություններ կլինեն, որոշ բաներ կվերանայենք, բայց պայքարը շարունակվում է։ Մենք գնում ենք առաջ, ոչ ոքի չենք թիրախավորում, չենք ատում, չենք հայհոյում, նախարարի դեմ ոչինչ չունենք, պարզապես մեր պայքարը գաղափարի համար է»,-ասաց ակցիայի կազմակերպիչը։

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին փորձում են կապ հաստատել, ԵՊՀ, ՀՊՄՀ (մանկավարժական համալսարան) գիտխորհրդի անդամների հետ։

Հիշեցնենք, որ այսօր դասադուլ են հայտարարել նաև Հյուսիսային համալսարանի մի քանի ուսանողներ։ Զուգահեռաբար ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները շարունակում են իրենց նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ նախարարի հրաժարականի պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել