Հնդկական Ռաջաստան նահանգում՝ Տար անապատում, ապրում են մոլորակի ամենաբարի մարդիկ՝ բիշնոի ցեղի ներկայացուցիչները։ Եթե բուդդայականությունը համարվում է բարության ու հանդուրժողականության հենակետ, ապա բիշնոիները բուդդիզմից հարյուրապատիկ ավելի բարի են։

Բանն այն է, որ այս ցեղի անվանումը նույնանում է առաջին էկոլոգիական գիտության հետ, որը ծնունդ է առել XV դարում։ Հոգևոր առաջնորդ՝ գուրու Ջամբհեշվարը, աննախադեպ երաշտի է ականատես եղել, որը տևել է տարիներ շարունակ, և որի ընթացքում մարդիկ խելագարության են հասել։ Նրանք անխղճորեն կտրում էին ծառերը, սպանում կենդանիներին՝ գոյատևելու համար։ 33-ամյա Ջամբհեշվարը ստիպված էր ցեղակիցների համար 29 կանոն հնարել, որպեսզի մարդիկ դադարեին շրջակայքում ամեն ինչ ոչնչացնել։ 21-րդ դարում գոյություն ունի Ջամբհեշվարի 600 հազար հետևորդ, որոնք իրենց անվանում են «բիշնոի»՝ («բիշ»՝ 2, «նոի»՝ 9)։

Այս ցեղի ներկայացուցիչների մոտ ընդունված է սեփական բերքի առնվազն 10%-ը տալ վայրի կենդանիներին, հատկապես երաշտի ժամանակ։ Վայրի կենդանիները նրանց ընտանիքի անդամներն են դառնում, իսկ եթե, օրինակ, վիթ ձագի մայրը մահանում է, ապա փոքրիկ կենդանուն կերակրում են շշի մեջ լցված կաթով։ Իսկ այն դեպքում, երբ կենդանին հրաժարվում է շշից, նրան կրծքով կերակրում են ցեղի կին ներկայացուցիչ կանայք։

Ի դեպ, սա միակ ցեղն է Հնդկաստանում, որը հրաժարվել է դիակիզման սովորույթից՝ փայտանյութ չվատնելու համար։ Տաքանալու համար նրանք օգտագործում են միայն այն ծառերը, որոնք «մահացել են սեփական մահով», այսինքն՝ չորացել են կամ կոտրվել փոթորիկների ժամանակ։ Պաշտպանելով կենդանիներին որսագողերից՝ ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներ մահանում են։

XVIII դարում մահարաջա Ջոդպուրան զինվորներին հրամայեց նոր ամրոց կառուցելու համար կոճղեր պատրաստել։ Բեշնոիները փաթաթվել էին ծառերին և թույլ չէին տալիս դրանք կտրել։ Զինվորները ծառերը հատեցին մարդկանց հետ միասին։ Այսպես՝ մի քանի օրվա ընթացքում պահպանելով սուրբ ծառերը՝ 350 մարդ զոհվեց։

Ռանա Ռաը բիշնոի ցեղի ներկայացուցիչ է, ով 38 տարվա ընթացքում ողջ անապատի տարածքում տնկել է ավելի քան 22 հազար ծառ՝ հոգ տանելով դրանցից յուրաքանչյուրի մասին։

«Ես հետագա երկու տարվա ընթացքում իմ բաժին ջուրը կիսելու եմ ծառերի հետ. դրանք իմ երեխաներն են»,- ասում է Ռանա Ռամը։ Նրան անվանում են ծառերի ընկեր։

Բիշնոիների 29 կանոններն են.

«Ծնունդից հետո մորն ու նորածնին հարկավոր է 30 հանգիստ օր տրամադրել»։

«Դաշտանը սկսելուց հետո հարկավոր է կանանց 5 օրով ազատել յուրաքանչյուր տեսակի աշխատանքից»։

«Յուրաքանչյուր օր վաղ առավոտյան լվացվել»։

«Պահպանել մարմնի արտաքին մաքրությունն ու հոգու ներքին մաքրությունը»։

«Օրական երկու անգամ՝ արևածագին ու մայրամուտին, մեդիտացիա կատարել»։

«Աստծուն նվիրված երգեր երգել և գովաբանել նրա արժանիքները ամեն երեկո»։

«Սուրբ կրակին ամեն օր զոհաբերություններ կատարել՝ բոլոր կենդանի էակների հանդեպ երախտագիտությամբ, բնության հանդեպ սիրով լի սրտով»։

«Ֆիլտրացված ջուր օգտագործել, մանրէազերծել կաթը և փայտը»։

«Զգուշորեն և գիտակցված խոսել»։

«Կարողանալ ներել»։

«Կարողանալ ցավակցել»։

«Չգողանալ»։

«Ինչ-որ մեկի մեջքի հետևում չչարախոսել»։

«Չստել»։

«Չդատել մերձավորին»։

«Նորալուսնի ժամանակ մեդիտացիա կատարել և ծոմ պահել»։

«Կրկնել Վիշնու սուրբ անունը»։

«Կարեկցել բոլոր կենդանի էակներին»։

«Չոչնչացնել կանաչ ծառերը»։

«Սպանել ներսում կուտակված ագահությունը, զայրույթը, ժլատությունը»։

«Ուտելիքն ինքնուրույն պատրաստել և կեղտոտ սնունդ չօգտագործել (օրինակ՝ միս)»։

«Ծեր այծերին ու ոչխարներին հատուկ տարածք տրամադրել և նրանց սպանդանոց չուղարկել»։

«Չամորձատել ցուլերին»։

«Չաճեցնել և չօգտագործել օփիում»։

«Չաճեցնել և չօգտագործել տաբակ»։

«Չաճեցնել և չօգտագործել կանեփ»։

«Չօգտագործել ալկոհոլ»։

«Չուտել միս, պաշտպանել և կերակրել վայրի կենդանիներին»։

«Կապույտ հագուստ չկրել, քանի որ Հին Հնդկաստանում կապույտ ներկը ստանում էին ինդիգո ծառից, և բացի դրանից՝ կապույտը համարվում է մահվան գույն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել