2019 թ․-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, aravot.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և 1in.am-ը։
Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 396 հոդված, որոնցից 39-ը՝ բացասական, 31-ը՝ դրական, 326-ը՝ չեզոք են։
Ընտրված կայքերի մշտադիտարկման արդյունքում դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են։
Նիկոլ Փաշինյանին շարունակում են քննադատել դատական համակարգի հանդեպ ճնշումների համար։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գտնում է, որ որքան քիչ լինեն ճնշումները, դատարաններն այնքան անկախ կլինեն․ «Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ամիսը մեկ 100-հազարանոց հանրահավաք հրավիրի եւ սպառնա՞։ Երկու անգամ սպառնաց, բավական չէ՞։ Դատավորները խելացի անձնավորություն են, նրանց երկու անգամ սպառնացել են, կներեք բառի համար, բայց ամենատհաս դատավորի համար էլ պարզ է, թե երկրի վարչապետը, օրինակ, կոնկրետ Քոչարյանի գործով ինչ է ակնկալում եւ ինչ է ուզում դատարաններից»։
Նիկոլ Փաշինյանին քննադատել են նաև «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար։ Հեռուստաընկերություններից մեկի նախկին պրոդյուսերն ասել է, որ 20.000.000 դրամով պատրաստ է 20 տարբեր հայ չեմպիոնների մասին ֆիլմ նկարել։ Քննադատվել է նաև Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ իրենք ֆինանսավորել են միայն չեմպիոնության հատվածը։ Ըստ հասարակական դաշտի՝ այդպես չի լինում, չես կարող ասել, թե դու որ հատվածն ես ֆինանսավորում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստացույց անող ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կրթական քաղաքականությունը ոչ թե Արայիկ Հարությունյանն է անում, այլ կառավարությունը։ Այս հայտարարությունից հետո Արծվիկ Մինասյանն իր խոսքում ասել է. «Եթե Նիկոլ Փաշինյան անձը, վարչապետը պաշտպանում է նույն տեսակետները, պաշտպանում է ազգային արժեքների ոտնահարման այս վարքագիծը, նույն գնահատականները իրեն ենք հնչեցնում»։
Դրական հոդվածների մեջ առանձնացված է այն հայտարարությունը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտում էր թուրքական կողմի ագրեսիվ պահվածքը Սիրիայում, ինչը բարձրանում է մեր դերը մերձարևելյան խնդրում։
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից գոհ էին խմբակցության անդամները, եւ իրենց համար ընդունելի է ՀՀ իշխանությունների՝ ղարաբաղյանի հիմնախնդրի լուծման վերաբերյալ դիրքորոշումը»: Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններին կասկածողները դավադիր ուժերի ներկայացուցիչներ են։
Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է բարեփոխումների ծրագիր, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի ինստիտուտները և օրենքի գերակայությունը, բարելավել բիզնես միջավայրը և արմատախիլ անել կոռուպցիան:
«2018թ. հեղափոխությունից հետո հույսեր կան, որ նոր կառավարությունը վճռականորեն կշարժվի կառուցվածքային բարեփոխումների ճանապարհով, և մասնավորապես՝ կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի վրա»,- «Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում ասել է տնտեսագետ Լիզա Երմոլենկոն՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը հույսեր է ներշնչում:
1in.am-ը հրապարակել է 112 հոդված, բացասական՝ 5, դրական՝ 17, չեզոք՝ 90։
Լրատվականն իր վերլուծականում գրել է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, հասարակությունն արդարացի մտածում է՝ բուն հեղափոխությունը կասկածի տակ է, և որ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը ստվերային պայմանավորվածություններ ունեն։
Արման Բաբաջանյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցության արդյունավետության բարձրացման մասին, բայց ոչինչ չի անում այդ ուղղությամբ։
Լրատվականում դրական է գնահատվել Թուրքիայի քաղաքականության մասին Նիկոլ Փաշինյանի կոշտ գնահատականը, ինչպես նաև դրական է գնահատվել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքերն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։
Նշվում է, որ հասարակության մեջ կա կոնսեսուս Ռոբերտ Քոչարյանին մերժելու հարցում։ Նիկոլ Փաշինյանին սատարում են նաև Վիտալի Բալասանյան-Նիկոլ Փաշինյան հակամարտության մեջ։
1in.am-ն, ըստ մեր մշտադիտարկումների արդյունքների, վերջին ամսում դարձել է իշխանամետ, մինչդեռ նախկինում այն աչքի էր ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով։
Aravot.am-ում հրապարակվել է 99 հոդված, բացասական՝ 24, դրական՝ 10, չեզոք՝ 65։
Լրատվականում տեղ է գտել Ալեքսանդր Ազարյանի գնահատականը դատարանների նկատմամբ պարբերաբար ճնշումներ իրականացնելու մասին։ Լրատվականը չի շրջանցել նաև «Մել» ֆիլմը։ Քննադատության է ենթարկվել նաև կրթության ոլորտը, վերջինի շուրջ Արծվիկ Մինասյանի կարծիքը։
Լրատվականի հետ զրույցում էլ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով իրեն վիրավորողներին և իրենց տան մոտ դագաղներ բերողներին, ասել է. «Ցավոք սրտի, այսօր բազմաթիվ տաբուներ են կոտրվել: Երբ գալիս էին մեր տան մոտ ու գոռում էին ս*****ր, սեւ ժապավեններով, դագաղներով եւ այլն, երբ տանն էին երեխաներս, կինս… Սա ուրիշ բան է…Մի անգամ էլ եմ ասել` ես Նիկոլ Փաշինյանին քաղաքական իմաստով կարող եմ ներել, անձնական իմաստով` երբեք… Եվ սա վատ է իր համար, վատ է ինձ համար, վատ է Հայաստանի համար, որովհետեւ մեծ վտանգ կա, որ հաջորդ իշխանությունը, չստացվի մենք, ինչ-որ մի հաջորդ իշխանություն, ունակ չի լինելու գիծ քաշել այս վակխանալիայի տակ, որ տեղի է ունենում Հայաստանում: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքն առաջացնելու է հսկայական ավերածություն երկրում»:
Ըստ հրապարակումների դիտարկման՝ դրական է գնահատվել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան արդյունքներին։
Ալեքսանդր Կռիլովն էլ իր խոսքում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնարկեց իրական եւ վճռական քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու առումով։
Armtimes.com-ում հրապարակվել է 77 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 6, չեզոք՝ 70։
Ըստ լրատվականի՝ Վազգեն Մանուկյանն ասել է, որ հունիսին երկու անգամ զանգել է Նիկոլ Փաշինյանին, բայց Նիկոլ Փաշինյանը ետ չի զանգել։ Ըստ Վազգեն Մանուկյանի՝ դա աննախադեպ է եղել։
Լրատվականում տեղ են գտել Ալեքսանդր Կռիլովի և տնտեսագետ Լիզա Երմոլենկոյի կարծիքները։ Ըստ «Freedom house»-ի՝ 2018-2019 թվականներին Հայաստանը համացանցի ազատության մակարդակում գրանցվել է որպես ազատ, և այս լուրը ևս տեղ է գտել լրատվականում։
Armlur.am-ում հրապարակվել է 68 հոդված, բացասական՝ 0, դրական՝ 5, չեզոք՝ 63։
Կայքում քննադատական հոդվածների բացակայությունը հետաքրքրական է․ նախորդ տասնօրյակում կայքում քննադատությունները մեծ թիվ էին կազմում։
Կայքում տեղ է գտել Արայիկ Հարությունյանի կարծիքը։ Լրահոսում կարելի է հանդիպել վերջին շրջանում արված հարցման արդյունքներին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացել է։
Լրատվականը գրում է․ «ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետը կարևորել է Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը լավ առիթ է մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու համար: Միքայել Խարապյանի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է վարչապետ Փաշինյանին, Հայաստանի կառավարությանը և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի առաջընթացին միտված լայնածավալ բարեփոխումներին, ծրագրերին»:
Azatutyun.am-ում հրապարակվել է 40 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 1, չեզոք՝ 38։
Կայքի հրապարակումներում անդրադարձ է կատարվել Արայիկ Հարությունանին և Նիկոլ Փաշինյանին ուղղված Արծվիկ Մինասյանի քննադատությանը։
Կայքում տեղ են գտել նաև Ռոբերտ Քոչարյանի հոդվածին ուղղված քննադատությունները, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին։