Եվրոպայի և Ամերիկայի ցուցահանդեսներում ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի կտավների նկարագրություններում սկսել են մանրամասներ հիշատակել Թաիթիում նրա բնակության տարիներից, որտեղ նա սեռական հարաբերություն է ունեցել 13 և 14 տարեկան աղջիկների հետ, ամուսնացել է նրանց հետ և նրանցից երեխաներ ունեցել, գրում է The New York Times-ը:

Գոգենը Թաիթի է տեղափոխվել 1891 թվականին և իր կյանքի վերջին 12 տարիներն անցկացրել այնտեղ: Այնտեղ է նա նկարել իր ամենահայտնի գործերը, որոնցում, մասնավորապես, նա պատկերել է մերկ թաիթուհիների:

Նշվում է, որ նկարների նոր նկարագրություններում ցուցահանդեսների կուրատորները սկսել են նշել, որ «Գոգենը, անկասկած, շահագործել է Արևմուտքից եկած արտոնյալ անձի իր դիրքը, որպեսզի առավելագույնը ստանա իրեն հասանելի սեռական ազատություններից»:

Արվեստում աղջիկներին պատկերելու վերաբերյալ պորտալի հիմնադիր Էշլի Ռոմերն ասել է, որ տղամարդ Գոգենի գործողությունները ստվեր են նետում նկարիչ Գոգենի արվեստի վրա. «Եթե ճիշտն ասենք, նա ամբարտավան, գերագնահատված, մեծամիտ պեդոֆիլ էր: Եթե նկարելու փոխարեն նա լուսանկարեր, դրանք շատ ավելի սկանդալային կլինեին, և մենք դա որպես արվեստ չէինք ընդունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել