Թերթը ՀՀ կապի ոլորտի խնդիրների մասին զրուցել է ՄԱԿ–ի հեռահաղորդակցության համաշխարհային միության գլխավոր քարտուղարի գլխավոր խորհրդական Վալտեր Մարությանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցը հատվածաբար։

- Ձեր դիտարկմամբ, ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում կապի ոլորտում։

- Հայաստանը, որպես աշխարհի մաս կազմող երկիր, հեռահաղորդակցության ոլորտում և դրական, և բացասական կողմեր ունի։

Բացասական կողմերից մեկն այն է, որ մենք մինչ օրս անցում չենք կատարել հեռուստատեսային թվային համակարգի։ Իսկ արդեն 2 տարի է մնացել, որ աշխարհում ավարտվի թվային սիստեմին անցումը։ Մենք դեռ լուրջ անելիքներ ունենք։ Հիմնականում երկրներն անցում են կատարել այդ համակարգին կամ արդեն ավարտում են գործընթացը, իսկ մեր երկրում դեռ չեն ավարտվել կազմակերպչական աշխատանքները։ Ես, բնականաբար, որպես ոլորտի մասնագետ, շատ մտահոգված եմ, որ Հայաստանը հասցնի։ Հակառակ դեպքում մենք երկու տարի անց այս ժամանակահատվածում կարող ենք հեռուստատեսության բնագավռում ականատես լինել կատաստրոֆիկ վիճակի։ Ընդհուպ՝ ժողովուրդը կարող է այլևս չօգտվել թվային սիստեմից, քանի որ հարևան երկրները, որոնք անցում են կատարել թվային սիստեմի, փակեն հաճախականությունները, և մենք այլևս չկարողանանք անալոգային հաճախականություններով հաղորդումներ կազմակերպել մեր հանրապետությունում։ Իմ անհանգստությունը ես փոխանցել եմ ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև նախագահն է շատ մտահոգված, և երկար քննարկել ենք այս հարցն ու դրա լուծումները։

 -Իսկ դա մե՞ծ գումարների հետ է կապված։ Կարո՞ղ եք մոտավոր թվեր ասել։

-Հայաստանի համար, ես կարծում եմ, 10-20 միլիոն դոլարի սահմաններում ծախսեր են անհրաժեշտ նոր սարքավորումների տեղադրման համար։ Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ մասնավորը կարող է ներդրումներ կատարի և իր գումարները հետ ստանալու համար ստանա դա կառավարելու թույլտվություն։ Կամ՝ պետությունն ինքը պետք է կառուցի, և, բնականաբար, այն կմնա պետության տրամադրության տակ։ Ես ինչքան տեղյակ եմ՝ պետությունը որոշում կայացրել է, և վերջնական որոշումն այն է, որ պետությունը պետք է կառուցի այն, և արդեն որոշակի գումարներ են տրամադրվել։

-Ենթադրենք, ֆինանսական խնդիրներ չկան, ուրիշ ի՞նչ խնդիր կարող է առաջանալ որ այս 2 տարվա ընթացքում Հայաստանը չկարողանա անցում կատարել թվային համակարգի։

-Միայն ժամանակի խնդիր կարող է առաջանալ և փորձի պակասի...

-Իսկ մեր հարևաններն ի՞նչ վիճակում են այդ առումով։

-Արդեն ավարտում են։ Ինչ վերաբերում է արբանյակներին, ապա Ադրբեջանն արդեն փետրվարին իր առաջին արբանյակն է թողել, հիմա պատրաստվում է երկրորդին, որովհետև երկու արբանյակը պարտադիր է, որպեսզի ինքը կարողանա վաճառել իր ունեցածը։ Մյուս ԱՊՀ պետությունները հիմա արդեն ցանկություն են հայտնել առանձին արբանյակներ ունենալ, որոշներն էլ ուզում են մյուս զարգացած պետությունների հետ համատեղ գործունեություն ծավալել։ Ես ինչքանով տեղյակ եմ՝ մենք ստեղծել ենք «Հայկոսմոս» ընկերությունը և Ռուսաստանի հետ համատեղ գործունեություն ենք ծավալում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել