
Yerevannews.am-ը գրում է.
Սիրած էակի հետ ամուսնական դաշինք կնքելու օրն, ինչ խոսք, կյանքի ամենահիշարժան իրադարձություններից է: Օր, որին երկար եք սպասել, պատկերացրել երազներում` քուն թե արթմնի: Ինչպես առավելագույնս հիշարժան դարձնել այն:
Այսօրվա իրականության մեջ տարբերակները չեն սպառվում մեկով. ոմանք նախընտրում են ավանդական ճոխ ու բազմամարդ հարսանիքը` լիմուզինով, շքեղ մեքենաներով, բնականաբար նաև պսակի եկեղեցական օրհնությամբ, որն իսկապես հուզիչ է և սրտահույզ: Ոչինչ, որ ոմանք հետո ամիսներ շարունակ պետք է մտածեն վերցրած պարտքը մարելու մասին: Մյուսները բավարարվում են միայն եկեղեցով ու փոքրիկ խնջույքով նեղ միջավայրում, այնուհետև զույգն ուղևորվում է ճամփորդության: Կան զույգեր էլ, որոնց համար միայն ճամփորդությունը բավական է. «Ինչ իմաստ ունի հավաքվել մի քանի տասնյակ մարդկանցով, որոնց մեծամասնությանը կամ չես ճանաչում, կամ էլ տեսնում ես տարվա մեջ մի քանի անգամ միայն": Ընդ որում` հրաժարվում են և եկեղեցի գնալուց: Հակոբ, 21տ., ապագա կենսաբան Ես առանց տատանվելու կընտրեի ճանապարհորդությունը, քանի որ տանել չեմ կարողանում «հարսանիք» երևույթը։ Իմ ընկալմամբ` դա ընկերների, ծանոթների ու ազգականների տոն է, ոչ թե նորապսակների։ Ընդհանրապես չեմ սիրում «ուտուշ-խմուշներ ու տաշի-տուշիներ»։ Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, որ ես այդմիջոցառումից կարող է հաճույք ստանամ: Ինձ թվում է՝ ձանձրույթից կմեռնեմ: Իսկ այ ճանապարհորդությունը լրիվ ուրիշ բան է։ Մարիանա, 18տ., ապագա լեզվաբան Ես նախընտրում եմ սպիտակ զգեստով եկեղեցում օրհնություն ստանալն ու ճանապարհորդությունը, իսկ հարսանիքը այնքան էլ կարևոր չէ, չնայած եթե դա էլ լինի չի խանգարի:
Գոհար, 28տ., մանկավարժ Հարսանիքն այնպիսի բան է, որ ամեն մարդու կյանքում անպայման պետք է անմոռանալի հուշերով լեցուն մի օր դառնա: Հարսանիքը միայն ուտուշ-խմուշ չէ: Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի: ճանապարհորդությանկարելի է նաև հետո գնալ, բայց հարսի շոր հագնելը հետո ավելորդ կլինի, անգամ` ծիծաղելի:
Թերևս, հայերիս երբեմն իսկապես խանգարում է ավելորդ ցուցամոլությունը: Եվ ուրախալի է արձանագրել դրական մի միտում,որ հարսանիքներն այսուհետ շատ դեպքերում իրականացվում են ամենևին ոչ ուրիշներին զարմացնելու ընդգծված շեշտով: Պարզապես տոնը նշվում է նեղ միջավայրում, բնականաբար և` առանց մեծ ծախսերի, ինչը հնարավորություն կտա զույգինընտրել առավելագույն տարբերակը. և օրն անմահացնել հարսանիքով, և մեկնել ճամփորդության /թեկուզ և մեր երկրի հրաշալիվայրերից մեկը, որոնք, համաձայնեք, քիչ չեն/: Ընդունենք, որ հայկական հարսանիքի մեջ էլ կա այն ինքնատիպն ու գեղեցիկը,հայկական վառ կոլորիտը, որը չես գտնի եվրոպական հարսանիքների մեջ:



