Գիշերը սարսափեցնող էր, ու ամեն մի թեթև ձայնից վախենում ու վեր էի թռչում: Կես ժամ առաջ իմացածս տակնուվրա էր արել հոգիս:
Այս խավարն ինձ հանգիստ չի տալիս: Հանգիստ եմ ուզում, բայց չկա այդ անիծված հանգիստը: Մի՞թե միշտ ինձ պետքական մարդիկ ինձ համար չեն լինելու, գնալու են` առանց որևէ բառ ասելու, գնալու են ու էլ չգան: ՆԱ գնաց: Սկզբում ամեն ինչ այնքան ուրիշ էր: Գոյություն ունեինք ես, իմ հույսերն ու երազանքները: Հետո ամեն ինչ փոխվեց, գոյություն ունեցավ ՆԱ` իր հույսերով ու երազանքներով:
Նա եկավ… Ես նրան չեի սպասում, ես նրա կարիքը չունեի: Ինձ լրիվ բավական էր այն աշխարհը, որ ես էի ստեղծել:
…Բայց ՆԱ եկավ: Նա պիտի գար ու փոխեր այն, ինչ ես ունեի կամ լրացնելու այն, ինչ բաց էի թողել: Կարող եմ վստահ ասել, որ նրա գալով կյանքս շատ փոխվեց, ամեն ինչ գունավորվեց, ԲԱՅՑ... Ինչպես անսպասելի ու միանգամից եկավ, այսպես էլ գնաց:
Գիշերային խավարն ինձ իր մթության մեջ էր առել: Նայում եմ դուրս: Այնտեղ ամեն ինչ կա: Բայց այլևս այդ կյանքը չկա: Կա մտածելու ու ենթադրելու հազար ու մի պատճառ: Ինչո՞ւ գնաց և որևէ մի բառ չասաց: Ամեն ինչ կորած է: Հոգնել եմ ամեն ինչից: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ ամեն օր լինելու և արթնանալու եմ նրա հետ: Հուսով եմ` կգա մի օր, որ կտեսնեմ ՆՐԱՆ: Կարոտս օր օրի հասակ է առնելու...
... ՆԱ էլ մի հավատարիմ էակ է, ում կյանքը կավարտվի նրա գնալու իսկ առաջին վայրկյանից:



