Արդարադատության նախարարի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:

Ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել