Tert.am-ը գրում է.

Առաջիկա կիրակի Հայաստանում նշվում է Վարդավառի տոնը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ազգագրագետ Սոնա Պապիկյանը ներկայացրեց, թե որն է տոնի խորհուրդը, ինչպես են այն նշել դեռևս դարեր առաջ, ինչ ավանդույթներ կան և թե ինչքան ենք այսօր հեռացել տոնի խորհրդից։ Իսկ հյուրերից «Վարդավառ 2013» միջոցառման կազմակերպիչ «ՄԱՐՕԳ Մարքեթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը նշեց, որ փորձում են վերականգնել տոնի խորհուրդը։

«Վարդավառը հեթանոսության շրջանի տոն է, որը հետո հարմարեցվել է քրիստոնեական եկեղեցուն և ավելի շատ նվիրված է եղել ջրի աստվածուհի Նարին և սիրո աստվածուհի Աստղիկին և նաև իր ամբողջ ընթացքով ինչ-որ չափով վերածվել է բերքի տոնի։ Այս տոնակատարությունը կատարվում է Զատիկից 98 օր հետո և շարժական տոն է»,- ասաց Սոնա Պապիկյանը և ներկայացրեց տոնի բովանդակությունը։

«Նախ՝ վարդ անունը. այդ օրը ամենուր եղել են վարդեր, ծաղկեփնջեր են նվիրել։ Մատաղ են արել, երեք-չորս օր առաջ դեռ մարդիկ պատրաստվել են, մատաղի համար կենդանիներ ընտրել։ Իսկ տան կանայք թխել են ու տեսակ-տեսակ քաղցրեղեն պատրաստել»,- ասաց նա՝ հավելելով, որ չեն մոռացել նաև իրենց անցավորներին։

«Բացի այդ, հաջորդ օրը՝ մեռելոցին, մրգերով սկուտեղներ են տարել գերեզմանոց։ Սա նախնյաց պաշտամունքի դրսևորման ձև էր»,- ասաց նա։

Սոնա Պապիկյանը հավելեց, որ այդ տոնը նշում էին ջրերի մոտ: «Իրար վրա ջուր ցանելը, միմյանց հրել և ջուրը գցելը, դա խաղի էր վերածվում և ոչ մեկը մյուսից չէր նեղանում: Նույնիսկ սկեսրայրներին, քավորներին կարող էին թրջել երիտասարդ հարսները, և ոչ մեկը չէր նեղանում: Միմյանց ջրելով մարդիկ ցանկանում էին, որ երաշտ չլինի և դրանով, կարծես, ապահովում էին հողի խոնավությունը: Տոնը դեռ նշում էին շաբաթ երեկոյից՝ խարույկներ վառելով, և այդ օրը աղջիկները և տղաները միմյանց հետո շփվում էին առանց կաշկանդվելու, նաև աղավնիներ էին թռցնում, հմտության խաղեր էին կազմակերպում: Այդ օրը զուռնան ու դհոլը հնչում էր մինչ երեկո»,- ներկայացրեց ազգագրագետը։

Ասուլիսի հյուրերից «Վարդավառ 2013» միջոցառման կազմակերպիչ «ՄԱՐՕԳ Մարքեթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը նշեց. «Մենք հատկապես Երևանում արդեն չունենք Վարդավառ, մենք ունենք ջրոցի»։

Դիանա Հովհաննիսյանը նշեց, որ իրենց միջոցառման նպատակն է վերականգնել մեր ազգային տոնը: «Այդ օրը մենք անելու ենք հնի և նորի ձուլում: Առաջնահերթ է լինելու «չջրոցին»»,- ասաց նա:

Դիանա Հովհաննիսյանը շարունակեց ներկայացնել իրենց նախատեսած միջոցառումը.

«Մենք այդ օրը ճաշակելու ենք Վարդավառի ուտեստներ, որոնք պատրաստելու են «Խոհարարների ազգային ասոցիացիայի վերականգնման և զարգացման» ՀԿ անդամները, մենք ունենալու ենք հին ու նոր խաղեր, որոնք կապված են եղել սիրո տոնի հետ»։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել