Aravot.am-ը գրում է.
Aravot.am-ը «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ահռելի հարստության տեր, հայոց բանակում չծառայած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելու փաստին: «Նման ճորտատիրական համակարգ ունեցող երկրում եթե մարդն ուզում է մարզպետ դառնալ՝ դառնում է, ուզում է պատգամավոր, դառնում է պատգամավոր, ի՞նչ զարմանալու բան կա դրա մեջ: Մի կողմից դրականն էն է, որ չեմ լսել, թե կրիմինալ է, որովհետև այսօր ամենասոսկալի բանը Հայաստանում կրմինալն է, ամենուր կրիմինալն է իշխում` մայրաքաղաքում, մարզերում: Եթե անգամ իշխողը գեներալ է, միևնույնն է` իր ոճը կրիմինալ ոճ է և ինքը կրիմինալ սկզբունքներով կառավարող մարդ է: Իսկ այս տղան ցանկացել է՝ դարձել է. ունի հսկայական կապիտալ, իր ընտանիքը հաջողեցրել է ժամանակին այդ կապիտալը ձեռք բերել, փողեր աշխատել, ուզենա՝ մարզպետ կդառնա, ուզենա՝ պատգամավոր կդառնա: Այս պահին ուզել է մարզպետ դառնալ, ցանկացել է՝ դարձել է: Նման իրավիճակում ես այլ լավ բան չէի սպասում: Ես պարզապես զարմանում եմ մարդկանց վրա, որոնք զարմանում են գործող իշխանությունների կադրային քաղաքականության վրա: Իրենք ո՞ւմ պետք է նշանակեին, եթե ոչ իրենց պեսին, թեև համոզված եմ գոնե տեսքով իրենցից լավը կլինի: Ինքը փողի, ուժի զոռով պիտի կառավարի, ոչ թե քրեական, օլիգարխիկ մեթոդներով: Այդ առումով նորմալ է ընտրությունը, լավ է, որ ձեռագիր է փոխվում»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ բանակում չծառայելը, ըստ Վահան Թումասյանի, այդքան էլ մեծ խնդիր չէ: «Բանակում չծառայելը ի՞նչ մի խնդիր է որ էսօր, իրենք նույնիսկ չծառայելու խնդիրը կարող են լուծել: Եթե տեսնեն, որ հասարակական աղմուկ է բարձրանում բանակում չծառայած լինելու շուրջ, կձևակերպեն, որ ծառայել է, բայց չի գնա ծառայելու: Իրենք ամեն ինչ կարող են քանի դեռ Հայաստանում տիրում է այս իրավիճակը ու հեղափոխություն չի եղել, դանակը ոսկորին չի հասել, հասարակությունը չի ըմբոստացել իշխանությունների դեմ, և ժողովուրդը իր ձեռքը չի վերցրել իշխանությունը: Այս պայմաններում ամեն ինչ սպասելի է, բայց ինձ համար մարզպետի պաշտոնը իրենց բան չի ներկայացնում, ինձ համար էականը երկու պաշտոն են այս երկրում` նախագահի ու վարչապետի: Կարևոր է, որ այս երկու պաշտոնյաները փոխվեն, դուրս գան այլ ազդեցություններից և հասկանան, որ երկիրը կանգնել է կրախի առջև. կորցնում ենք անկախությունը, պատմությունն ու ապագան:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



