Artsakhpress.am-ը գրում է.

Շուշիում մեկնարկել է «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական ֆորումը, որը կազմակերպվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ ֆորումի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ, փոխանակվել սեփական փորձով և հանդես գալ նոր նախաձեռնություններով:

«Փորձում ենք հայաստանյան բուհերի հետ համագործակցել, և կարծում եմ՝ այս ֆորումը առավել կամրապնդի այդ համագործակցությունը ու համատեղ իրականացվող ծրագրերի հիմք կհանդիսանա: Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ: Ֆորումի շրջանակներում նախատեսվում են թրեյնինգներ, որոնք վերաբերելու են Արցախի տնտեսական զարգացմանը, Հայաստանի քաղաքական դաշտի կայացմանը հետպատերազմյան շրջանում, արդիական բիզնես-պրոյեկտների և իննովացիոն տեխնոլոգիաները բիզնեսում թեմային: Նախատեսված է նաև ինտելեկտուալ խաղ, որի հաղթող թիմերը կստանան անակնկալ պարգևներ»,- նշել է Ա. Հարությունյանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն իր հերթին նշել է, որ ֆորումից մեծ ակնկալիքներ կան՝ հետագայում ուսանողության հետ կապը պահելու և ավելի լայն շրջանակներում համագործակցություն ծավալելու առումով:

«Կարևորում եմ այս ֆորումի անցկացումը Արցախում և կարծում եմ, որ շփումը Հայաստանի և Արցախի ուսանողների միջև հնարավորություն կտա ավելի բարեկեցիկ ու անվտանգ ապագա կերտելու տեսլականը ներկայացնել: Ֆորումի շրջանակներում մեր բուհական փորձով կփորձենք կիսվել Արցախի ուսանողների հետ և համատեղ քննարկել կրթական այն բարեփոխումները, որոնք կյանքի են կոչվում արդի ժամանակներում»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել